Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը փորձագիտական աջակցություն կցուցաբերի հայաստանյան դատաիրավական համակարգի բարեփոխումներին


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, GRECO-ի գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն:

Հանդիպման ընթացքում նախարարը խոսել է հեղափոխությունից հետո նոր Հայաստանում անկախ դատական իշխանություն ունենալու քաղաքական կամքի մասին՝ ավելացնելով, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի դատավորներ, որոնք պատրաստ են գործել օրինականության, արդարության և իրավունքի շրջանակում:

Արտակ Զեյնալյանը միաժամանակ ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատական իշխանությանը տրված հնարավորությունը չի իրացվել, և դատարանները, գործող իշխանության ազդեցությունից զերծ լինելով հանդերձ, զերծ չեն եղել կոռուպցիոն կամ նախկին կապերով պայմանավորված ազդեցություններից:

Նախարարը միջազգային կառույցների գործընկերներին տեղեկացրել է, որ գնահատելով ստեղծված իրավիճակը, Արդարադատության նախարարությունն այս տարվա սկզբից ձեռնամուխ է եղել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակմանը: Ներկայումս այն նախագծման փուլում է, և Կառավարության քննարկմանը կներկայացվի աշնանը:

Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ այն օրակարգային է և նպատակ ունի ապահովել հասարակության անցումը ժողովրդավարության ճգնաժամից դեպի կայուն ժողովրդավարություն:

Հանդիպման մասնակից, Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննարկմանը անցումային արդարադատությանը հպանցիկ անդրադարձ է եղել․ - «Քննարկումը անցումային արդարադատությանը նվիրված չի եղել, նվիրված է եղել արմատական բարեփոխումների գործընթացին, որոնք սկսվել են դատական համակարգում: Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առաջին հերթին հետաքրքրված էր, թե ինչ միջազգային չափանիշների շրջանակում է Հայաստանի կառավարությունը տեսնում այս բարեփոխումների գործընթացը, և երկուստեք կողմերը՝ և՛ Արդարադատության նախարարը, և՛ պատվիրակության ղեկավարը, հանդիպման արդյունքում փաստել են, որ դա տեղի է ունենալու Հայաստանի՝ որպես ԵԽ անդամ պետություն ստանձնած պարտավորությունների շրջանակում»:

Հանդիպման ընթացքում նախարարը նշել է, որ վեթինգի և համակարգային բարեփոխումների իրականացման համատեքստում Հայաստանը ակնկալում է Եվրոպայի խորհրդի մարմինների փորձագիտական աջակցությունը:

Փոխանախարը փոխանցեց, որ համագործակցության լայն շրջանակ կա․ - «Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող երկու ծրագիր կա, որոնք այդ բարեփոխումների ընթացքում Հայաստանի կառավարությանն աջակցող հիմնական երկու ծրագրերն են: Երկուսն էլ նոր են մեկնարկել: Մեկը հենց նվիրված է դատական իշխանության պրոֆեսիոնալիզմի, հաշվետվողականության բարձրացման հարցերին: Ենթադրվում է, որ ցանկացած փաստաթուղթ, որը կմշակվի և կներկայացվի Կառավարության կամ Ազգային ժողովի քննարկմանը, այդ խողովակներով՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջոցով կուղարկվի Եվրոպայի խորհրդի մեր գործընկերներին, որպեսզի համապատասխան փորձաքննություն անցնի»:

Նախարարության պաշտոնական հաղոդագրության համաձայն, Եվրախորհրդի պատվիրակության ղեկավար Քրիստոս Ջիակումոպուլոսը հայտարաել է․ - «Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG