Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է վերականգնել «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանները


Կառավարության շենքը Երևանում

Կառավարության պահուստային ֆոնդից Մշակույթի նախարարությանը կհատկացվի 9 մլն 144 հազար դրամ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» արձանների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և փորձաքննության համար: Որոշումը կայացվել է այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, արձանները, որոնք տեղադրված էին Երևան-Սևան միջպետական ճանապարհին, բնակլիմայական պայմանների և հատկապես մշակութային վանդալիզմի արդյունքում խիստ վնասվել են, տարիների ընթացքում արձանների արտաքին տեսքն ամբողջությամբ խաթարվել է, մետաղական հատվածները թալանվել են. վերջնական կորստից փրկելու համար երկու արձաններն էլ տեղափոխվել են հատուկ պահպանության տարածք:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն և պետք է վերականգնվեն այն կարևոր սիմվոլները, որոնք խորհրդանշում են ստեղծարար կյանքը Հայաստանի Հանրապետությունում: Ես, օրինակ, ամեն անգամ երբ անցնում եմ այդ ճանապարհը և Չարենցավանի բարձունքի վրա տեսնում եմ այդ կմախքը, դա մեր պրոբլեմների սիմվոլն է: Մենք պետք է այն անպայման վերականգնենք», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. - «Այդտեղ պետք է ոստիկանական պահակետ լինի, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ այդ արձանը, եթե չեմ սխալվում, մի անգամ այս ընթացքում վերականգնվել է, և շատ արագ թալանվել է բոլորիս աչքի առաջ: Նախագծերի մեջ անպայման պետք է հաշվի առնել ոստիկանական պահակետի տեղադրումը տարածքում»:

Վարչապետն անդրադարձել է նաև Երևանում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին և նշել, որ արձանի կից սյուների վրայի սալիկները պետք է կարգի բերել, արձանից պոկվող քարերի հարցն արագ լուծել։

Անդրադառնալով նորաբաց այգում կոտրված արձանին՝ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ այդ արձանը ջարդողը դեռ հայտնաբերված չէ։

Փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրել է, որ տեսախցիկների նկարահանումների արդյունքում այդ անձը պարզված է, սակայն այս երկու օրվա ընթացքում նրան դեռևս չեն հայտնաբերել։ Վարչապետը հանձնարարել է արագ հայտնաբերել այդ անձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG