Առաջին չորս ամսվա տվյալներով՝ Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով, այսօր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները։
«Ըստ հրապարակված տվյալների, ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել», - ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, սակայն շինարարության ոլորտում աճն, ըստ Փաշինյանի, ավելի քիչ է։
«Ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում էինք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին։ Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16,2 տոկոսով։ Այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկն արտահանման ծավալների աճն է՝ ապրիլին 9,9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել։ Միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք, և այս դինամիկան առաջիկայում ավելի դրական կդառնա, և մենք հույս ունենք նաև, որ Կառավարության վարած քաղաքականության արդյունքում աշխատավարձի աճի դինամիկան կնկատվի նաև մասնավոր հատվածում», - ասաց վարչապետը։