Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը կրկին չընտրեց ՍԴ դատավոր


ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյան, 29-ը մայիսի, 2019 թ.

53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր կրկին մերժեց Սահամանադրական դատարանի (ՍԴ) անդամի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած արդեն չորրորդ թեկնածուին:

Թեկնածուին ԱԺ-ին այսօր ներկայացրեց Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Պարզաբանեց, որ հայտարարած բաց մրցույթի 9 հավակնորդներից նախագահը որոշել է առաջադրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանին: Նա Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ որևէ քաղաքական ուժի հետ կապված չէ։

«Քաղաքական խարդավանքերի մեջ չեմ մտել, առաջադրման որոշումը կայացրել եմ անցած տարի, ընդ որում՝ այս պրոցեսին մասնակցում եմ արդեն անցած տարվանից, երբ որ առաջին թեկնածուի ձախողվելուց հետո հանրապետության նախագահը հայտարարեց մրցույթ, հեռուստատեսությամբ լսեցի և այդ հեղափոխական ռոմանտիկ շրջանում՝ մայիսին, որոշեցի մասնակցել մրցույթին։ Պատգամավորների թվում կան համալսարանական կոլեգիաներ, ուսանողներ ունեմ, ընդհանուր ծանոթներ, ես չեմ փորձել նաև անհատական լոբբինգային աշխատանք կատարել։ Առաջադրվել եմ՝ հույսս դնելով իմ կենսագրության, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու մարդկային հատկանիշների վրա և հասկանալով, ուզում եմ սա շեշտել, որ հայրենիքի համար պատասխանատու և բարդ այս պահին դատական համակարգին անհրաժեշտ են անաչառ քաղաքացիական անցյալ ու միակողմանի կողմնորոշում չունեցող անձինք», - նշեց Վաղարշյանը։

Պատգամավորները տարբեր ձևակերպումներով փորձում էին թեկնածուից ճշտել՝ ի՞նչ վերաբերմունք ունի գործող դատական համակարգի և դրա առողջացման նպատակով վերջերս վարչապետի ձեռնարկած գործողությունների նկատմամբ: Մինչև 100 բալանոց սանդղակով դատական համակարգում կոռուպցիան Վաղարշյանը գնահատեց 60 միավոր։

«Այսպես ասեմ, 0-100-ը ասեցիք՝ կգնահատեմ 60։ Ես չեմ ենթադրում, որ էս իշխանության պայմաններում մարդիկ աշխատում են հին ոճով, որովհետև մարդիկ աշխատում են նաև այնպես, ինչպիսի պահանջ են ներկայացնում իշխանությունները կամ ինչպիսին է հասրակական-քաղաքական մթնոլորտը այդ երկրում», - ասաց Վաղարշյանը։

«Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախ նկատեց հանրային ընկալման մեջ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը ամենակոռումպացվածն է, հետո հիշեցրեց Արամ Սիմոնյանի հրաժարականի օրակարգով փետրվարի 28-ի ԵՊՀ խորհրդի նիստի տապալումն ու հետաքրքրվեց՝ ի՞նչ դեր է ունեցել Վաղարշյանը նիստի տապալման գործում։

«Խորհրդի նիստը չի տապալվել, խորհրդի նիստը օրինական ձևով ընդունել է որոշում՝ չհաստատել օրակարգը, և նիստը չի կայացել։ Ես հիմնավորումներ տվել եմ, որ այդ ձևակերպմամբ օրակարգը ճիշտ չի, ես ասել եմ՝ բերեք վերաձևակերպենք՝ համալսարանի շուրջ ընթացող իրադարձությունները», - պատասխանեց նա։

«Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Համազասպ Գրիգորյանը, Արթուր Վաղարշյանին հիշեցրեց, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին ընդառաջ հայտարարել էր, որ միգուցե Հայաստանում ավելի նպատակահարմար է սահմանադրական միապետությունը։

«Էդ պահին ես դա ասել եմ, որպես գիտնականի և ես ունեմ հիմնավորումներ։ Մեր կրիտիկական զանգված կա բնակչության, որտեղ ժողովրդավարությունը որոշակիորեն, եթե դու ամեն օր ջանքեր չես ապահովում, որ էդ ոգին պահես մարդկանց մեջ, չի կարողանում իր ֆունկցիան կատարել։ Գնացեք Հունաստանի պատմությունը ուսումնասիրեք՝ փոքր քաղաքակրթությունը ինքը իրեն թաղեց», - պատասխանեց Վաղարշյանը։

Իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փոխանցեց, որ քվեարկությունը թողնվել է ազատ և «Իմ քայլում» միասնական որոշում չկա: Ավելի քան մեկ ամիս առաջ, երբ խմբակցությունը ազատ թողեց այս պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի ընտրության հարցը, վերջինս թեկնածությունը մերժվեց 75 դեմ ձայնով և տարբեր պատճառաբանություններով։ Այս թեկնածուի մասին ևս պատգամավորները գնահատական հնչեցնելուց խուսափեցին։

Բացի Վաղարշյանից մրցույթին մասնակացած 9 թեկնածուներից մեկն էլ մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանն է, որի մասին «Իմ քայլի» պատմգավորները միշտ շատ դրական են արտահայտվել: Գրիգորյանի թեկնածությանը այս պաշտոնում, սակայն, արդեն մեկ անգամ դեմ է քվեարկել նախորդ գումարման խորհրդարանը, որտեղ մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, չնայած գործադիրում իշխանության էր Նիկոլ Փաշինյանը: Հարցը, թե արդյո՞ք «Իմ քյալի» պատգամավորները մերժում են Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուներին, քանի որ այդ պաշտոնում հենց Վահե Գրիգորյանին են ցանկանում տեսնել մեծամասնությունը անպատասխան է թողնում։

Իսկ թե ինչպե՞ս է, որ արդեն մեկ տարի է այս պաշտոնը թափուր է մնում ԱԺ նախագահ Միրզոյանը արձագանքում է. «Լինում է ելույթ, հարց ու պատասխան, եզրափակիչ ելույթ թեկնածուի, որից հետո պատգամավորները գալիս են և իրենց ստացած տպավորությունը արտահայտում են քվեարկության տեսքով, ինչպես և սահմանված է օրենսդրությամբ։ Պատճառը երևի այն է, որ չեն բավարարում մարդկանց, բայց էս գումարման խորհրդարանում սա երկրորդ էդպիսի դեպքն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG