Այսօր Ազգային ժողովում մեկնարկեցին հերթական քառօրյա նիստերը։ Քառօրյան մեկնարկեց այսօր, քանի որ մայիսի 28-ը ոչ աշխատանքային օր էր՝ Հանրապետության տոնը։
Ազգային ժողովի օրակարգում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի ընտրության հարցը։
Այս անգամ նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր։
Վաղարշյանին Ազգային ժողովին ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը։ ՍԴ դատավորի թեկնածուն նախ ներկայացրեց իր տեսլականը Սահմանադրական դատարանի գործունեության հետ կապված, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։
Հարցին, թե ի՞նչ կանի, եթե ընտրվի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, Վաղարշյանը, հիշելով թևավոր խոսքը, պատասխանեց, որ «մի ծաղկով գարուն չի գա», ապա ավելացրեց, որ կփորձի հասնել որոշակի փոփոխությունների, որոնցից առաջինն է՝ Սահմանադրական դատարանի գործերով կայացված որոշումներում անպայման էական մասնակցություն ունենալը ՍԴ անդամների կողմից, այլ ոչ թե դա պետք է անի ապարատը, ինչպես արվել է նախկինում։
Նա նաև նշեց, որ որևէ քաղաքական ուժի հետ ինքը կապ չունի. «Եթե նախագահը մրցույթ չանցկացնի և պաշտոնի ընտրությունը չլիներ ընտրովի Ազգային ժողովում, ես, համոզված եղեք, չէի մասնակցի։ Պատգամավորների թվում կան համալսարանական կոլեգիաներ, ուսանողներ ունեմ, ընդհանուր ծանոթներ, ես չեմ փորձել նաև անհատական լոբբինգային աշխատանք կատարել։ Առաջադրվել եմ՝ հույսս դնելով իմ կենսագրության, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու մարդկային հատկանիշների վրա և հասկանալով, ուզում եմ սա շեշտել, որ հայրենիքի համար պատասխանատու և բարդ այս պահին դատական համակարգին անհրաժեշտ են անաչառ քաղաքացիական անցյալ ու միակողմանի կողմնորոշում չունեցող անձինք։ Ընտրել եմ էսպես շիտակ ու ազնիվ ճանապարհը՝ ներկայանալ ձեզ այնպես, ինչպես որ կամ։ Կուզեմ նկատի ունենաք, որ չեմ հավակնում քաղաքական պաշտոնի և քաղաքական գործիչ չեմ, իսկ իրավագետը, իհարկե, շատ բան է հասկանում քաղաքականությունից»։
Թեկնածուի ընտրության հետ կապված նիստը դեռ շարունակվում է, մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը փոխանցում է, որ դեռևս որոշում չունի, թե ինչպես է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամի թեկնածությանը և բավարարո՞ւմ է նրանց մինչ այս պահը թեկնածուի տված պատասխանները, թե՞ ոչ։
Եթե այսօր չհասցնի պատգամավորների հարցերին պատասխանել Վաղարշյանը, ապա քվեարկությունը տեղի կունենա վաղը, որովհետև այսօր Ազգային ժողովում նախատեսված է նաև հարցուպատասխան կառավարության անդամների հետ։