Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանն ի վերջո դիմում գրեց Սահմանադրական դատարան՝ քրեական գործի նյութերը վերցնելու և դրանց պատճենները վերաքննիչ ատյան ուղարկելու համար, այս մասին «Ազատությանը» փոխանցեցին դատավորի գրասենյակից։
Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի հատորներն այժմ իրենց մոտ են և պատճենահանվում են։
Նյութերն անհրաժեշտ են, որպեսզի վերաքննիչ քրեական դատարանը հնարավորություն ունենա վարույթ ընդունել գլխավոր դատախազության, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի և տուժողների ներկայացուցիչների բողոքներն ընդդեմ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու, ինչպես նաև գործը կասեցնելու մասին որոշումների։ Վերաքննիչ դատարանից ավելի վաղ հայտնել էին, որ առանց նյութերի չեն կարող վարույթ ընդունել բողոքները։
Սահմանադրական դատարանն էլ, որն այժմ ուսումնասիրում է դատավորի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, երկուշաբթի հայտարարել էր՝ դատավոր Գրիգորյանի դիմումի դեպքում կարող է վերադարձնել նյութերը: Հավելել էին նաև, որ անհրաժեշտության դեպքում իրենք կրկին կարող են պահանջել դրանք՝ քննության հետագա փուլերում:
Սահմանադրական դատարանի աշխատակազմը նաև շեշտել էր, որ գործի նյութերի վերադարձնելը չի կարող ազդել բարձր դատարանում այդ գործի քննության հետագա ընթացքի վրա:
Փաստաբան Սեդա Սեֆարյանը, որ այս քրեական գործով տուժողներից մեկի ներկայացուցիչն է, ևս բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան ընդդեմ գործը կասեցնելու որոշման։ «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նաև հանրային ճնշման արդյունքում դատավորը նման որոշում կայացրեց։
«Այս կապակցությամբ նաև առկա էր դատախազության դիրքորոշումը Դավիթ Գրիգորյանի կողմից էս գործողությունների կատարումից հետո հանրապետության դատախազությունը որոշակի կարծիք հայտնեց Դավիթ Գրիգորյանի ընդհանուր գործելակերպի հետ կապված և, կարծում եմ, որ, այո, նաև հանրային ճնշումը, այսինքն հանրության գիտակցումը այս ամենին՝ դատավորի քայլերի, այսպես ասած, միտված լինելը, դրանք բոլորը երևի իրեն դրդեցին վերանայելու իր որոշակի գործողությունները», - նշեց Սեդա Սաֆարյանը։
Մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանը մեկ շաբաթ նախնական դատական նիստեր անցակցնելուց հետո որոշում կայացրեց փոփոխել Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորության դիմաց և 5 ամիս ճաղերի հետևում գտնվող Քոչարյանին մայիսի 18-ին ազատ արձակեց։ Դրանից երկու օր անց արդեն դատավորը մեկ այլ որոշում կայացրեց՝ կասեցրեց գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։
Սեդա Սաֆարյանը կրկին պնդեց՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը, որ կասեցման որոշումը կայացնելուց անմիջապես հետո այն ուղարկել էր Սահմանադրական դատարան, ի սկզբանե գիտեր, որ նման բան չպետք է աներ, քանի որ մեղադրող կողմը պետք է հնարավորություն ունենար այն բողոքարկել վերաքննիչ ատյանում։
«Բայց նաև Դավիթ Գրիգորյանը գիտեր, որ Սահմանադրական դատարան կարող էր առանց
գործի նյութերի այդ դիմումն ուղարկել՝ դրա սահմանադրականության հարցը քննարկելու, եթե գտներ, որ այդպիսի անհրաժեշտություն կար։ Տուժող կողմը շարունակում է պնդել, որ նման անհրաժեշտություն բացարձակապես չկա, որովհետև անձեռնմխելիության խնդրին ընդհանուր լուծում է տրված, այսինքն դրան վերջնական սպառիչ պատասխան տրվել է նաև վճռաբեկ դատարանի և վերաքննիչ դատարանի երկու որոշումներում, հետևապես կրկին այդ հարցին անդրադառնալ չէր կարելի։ Ինչ վերաբերում է 301 հոդվածին, ապա դրա կապակցությամբ ևս դատավորը սխալ է սահմանադրականության հարցը դրել», - ընգծեց Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցման որոշումը կայացնելիս եզրահանգել էր, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող արարքները վերաբերում են որպես նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։
«Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից», - իր որոշման պատճառաբանական մասում գրել էր Գրիգորյանը։
Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգը տապալելուց բացի մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Նա երկու մեղադրանքն էլ չի ընդունում, դատարանում այդ հարցի շուրջ ծավալուն ելույթ է ունեցել։