Մատչելիության հղումներ

Փաշինյան․ ԵԱՏՄ-ը զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար


Ղազախստան - ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի մասնակիցները, Նուր-Սուլթան, 29-ը մայիսի, 2019թ․
Ղազախստան - ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի մասնակիցները, Նուր-Սուլթան, 29-ը մայիսի, 2019թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ղազախստանի մայրաքաղաք ավարտվել է։ Վարչապետի մամուլ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի հետ և մասնակցել է նաև պաշտոնական ճաշին։

«Հիմա մենք ինքնաթիռում ենք, պատրաստվում ենք թռիչքի, այսինքն՝ րոպե րոպե բոլոր միջոցառումներին․․․ Մենք էստեղ ունեինք երկու ծրագիր, մեկը՝ վարչապետ այցելության ծրագիրն է, մյուսը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ծրագիրը, որի նախագահողը մենք էինք: Երկուսն էլ ամբողջությամբ կատարվել է, և բոլոր հանդիպումները ժամանակին տեղի են ունեցել», - ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման հանդիպում նախատեսված չէր։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետը մասնակցելու է հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք Միջազգային տնտեսական համաժողովին, և ֆորումի շրջանակում կկայանա նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը։

Եվրասիական տնտեսական միությունը գնալով զարգանում է՝ նոր հնարավորություններ բացելով անդամ երկրների բիզնեսի և տնտեսության համար, այսօր Նուր-Սուլթանում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև Եվրասիական տնտեսական միության միջազգային գործընկերների շրջանակը, մասնավորապես՝ շուտով ուժի մեջ է մտնելու Իրանի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը, ստորագրվել են տեղեկատվության փոխանակման պայմանագրեր Չինաստանի, Վիետնամի հետ, այժմ բանակցություններ են ընթանում Սինգապուրի, Եգիպտոսի, Սերբիայի հետ:

Ղազախստանի մայրաքաղաքում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը, որի աշխատանքներն ամփոփեցին կազմակերպությունում այս տարի նախագահող Հայաստանի վարչապետը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը։

Հինգ տարի առաջ Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը կնքել են Եվրասիական միության մասին համաձայնագիրը, այնուհետև նրանց են միացել նաև Հայաստանը և Ղրղըզստանը։

Եվրասիական միության գաղափարը 25 տարի առաջ առաջինը հնչեցրել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նա համարվում է այս միության կնքահայրը։ Այդ առիթով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեկ Նազարբաևի անվան շքանշաններ է հանձնել Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղըզստանի նախագահներին։

Գագաթնաժողովը որոշում է ընդունել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստն 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնելու վերաբերյալ:

Նուր-Սուլթանում Հայաստանի վարչապետը նաև երկու երկողմ հանդիպում է անցկացրել՝ Ղազախստանի առաջին և գործող նախագահների հետ։ Գործող նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնավորապես հայտարարել է, թե Ղազախստանը մեծապես հետաքրքրված է շարունակելու ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: Փաշինյանը համաձայնել է Տոկաևի առաջարկին` հանձնարարել Հայաստանի և Ղազախստանի նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, և որ Հայաստանն ու Ղազախստանը ունեցել են լավ հարաբերություններ: «Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է», - շեշտել է Նազարբաևը՝ հավելելով, թե նոր նախագահ Տոկաևի օրոք Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին։

Հայաստանի վարչապետը նույնպես վստահություն է հայտնել, որ Ղազախստանի նոր նախագահի հետ կունենան «նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG