Մատչելիության հղումներ

Մի քանի ժամից Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն է՝ առանց Մխիթարյանի


Ադրբեջան - «Արսենալ»-ի երկրպագուները Բաքվում, 28-ը մայիսի, 2019թ․
Ադրբեջան - «Արսենալ»-ի երկրպագուները Բաքվում, 28-ը մայիսի, 2019թ․

Մի քանի ժամից Բաքվում կմեկնարկի ֆուտբոլային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի` Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ ուժերը կչափեն բրիտանական երկու ակումբներ` «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: Ընդ որում, մինչ խաղի մեկնարկը, վերջին այս ժամերին անգամ, լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում ամենից շատ քննարկվող թեման շարունակում է մնալ եզրափակիչը Բաքվում անցկացնելու նպատակահարմարությունն ու դրան չմասնակցելու` Հենրիխ Մխիթարյանի որոշումը:

Հայազգի ֆուտբոլիստը, որ երկու տարի առաջ նույն այս մրցաշարի եզրափակչում «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խփեց հաղթական գոլերից մեկը, հիմա ստիպված է խաղին հետևել հազարավոր կիլոմետրեր հեռվից, փաստում է ավստրալական ABC News պարբերականը:

«Կարոտում ենք քեզ, եղբայր, մենք մի ընտանիք ենք», - դիմելով Մխիթարյանին` Ինստագրամում գրել է «Արսենալ»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը:

«Մենք հինգ թե վեց տարի է` միասին ենք խաղում, ես Մխիթարյանին լավ եմ ճանաչում, և գրել եմ այն, ինչ զգացել եմ», - գրառումից հետո բացատրել էր Պապաստատոպուլոսը, ընդգծելով․ - «Մենք հաղթելու ենք, հաղթելու ենք նաև նրանց համար, ովքեր այսօր ի վիճակի չեն մեզ միանալ»:

Է՛լ ավելի կոշտ էր արտահատվել «Արսենալ»-ի դարպասապահը: Սա ուղղակի սկանդալ է, պնդել է Բերնդ Լենոն Kicker-ին տված հարցազրույցում: «Մխիթարյանը ողջ խաղաշրջանի ընթացքում մեզ հետ է եղել, իսկ հիմա չի կարող եզրափակչում խաղալ` քաղաքական դրդապատճառներով: Շատ տխուր եմ և մեծ ցավ եմ ապրում նրա համար», - ասել է գերմանացի դարպասապահը:

Շարունակական քննադատությանն ի պատասխան, պաշտոնական Բաքուն պնդում է, թե առաջարկել է հնարավոր ու անհնար բոլոր միջոցները` Մխիթարյանի այցն ու անվտանգությունը երաշխավորելու համար: «Պատրաստ ենք անգամ ռազմական ինքնաթիռ ու նավ տրամադրել», - նախօրեին կես կատակ-կես լուրջ CNN-ի եթերում հայտարարել էր Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: - «Մենք կարող ենք անձնական ուղղաթիռ ուղարկել նրա հետևից՝ երկու F-16 ռազմական օդանավերի ուղեկցությամբ, կամ` ռազմանավ: Էլ ի՞նչ անենք: ՈւԵՖԱ-ն և «Արսենալ»-ը ստացել են բոլոր հնարավոր և անհնար փաստաթղթերը, ես անձամբ ստորագրել եմ հատուկ նամակ` կառավարության կողմից տրված երաշխիքների վերաբերյալ, նույնը նաև ուղարկվել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայից ու անվտանգության համար պատասխանատու պետական մյուս կառույցներից»:

Երկրպագուները, մինչդեռ, Ադրբեջանի այս հավաստիացումներին հակադարձում են հստակ փաստերով: Երկրորդն օրն է` համացանցի հիթն է դարձել Բաքվում նկարահանված մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի ոստիկանները փողոցում հետևում ու կանգնեցնում են Մխիթարյանի մարզաշապիկը հագած երկու երիտասարդների:

«Սա ուղղակի անհեթեթություն է, Միկին ճիշտ որոշում կայացրեց, եթե մարզաշապիկը հագնելու համար անգամ կարող է ոստիկանությունը կանգնեցնել, պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե նա ինքը Բաքվում հայտնվեր», - Allfootball կայքում գրել է երկրպագուներից մեկը:

Ի դեպ, բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մխիթարյանին զորակցելու համար «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ծրագրել էին այսօրվա հանդիպումից առաջ` վարժանքի վերջին րոպեներին, մարզադաշտ դուրս գալ նրա անունը կրող մարզաշապիկներով: ՈւԵՖԱ-ն արգելել էր նմանատիպ ակցիան, սակայն չի բացառվում, որ վերջին պահին ֆուտբոլիստներն, այդուամենայնիվ, կարող են ինչ-որ ձև գտնել իրենց բողոքն արտահայտելու համար:

Մինչ այդ, Բաքու մեկնած լրագրողները փոխանցում են` վճռորոշ խաղին հաշվված ժամեր են մնացել, սակայն գլխավոր փողոցներում ու բարերում դեռ մարզական պայքարի շունչը չկա, երկարատև թռիչքի, թանկ ավիատոմսերի պատճառով երկրապագուներից քչերն են հասել Ադրբեջան, բրիտանական ակումբները իրենց տրամադրված տոմսերի մոտ 50 տոկոսը ստիպված են եղել ետ ուղարկել Ադրբեջան:

«Եզրափակիչը Բաքու տանելու առաջին իսկ օրվանից մենք մտահոգություններ ունեինք այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի, օդանավակայանի հնարավորությունների և ընդհանրապես Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված», - «Ազատությանն» ասել է «Եվրոպայի ֆուտբոլի աջակիցներ» կազմակերպության նախագահ Ռոնան Էվային: Ֆուտբոլային մի շարք ասոցիացիաներ միավորող կառույցի ղեկավարը պնդել է` հետագայում ֆուտբոլիստները կամ երկրպագուները նման պատմության մեջ չպետք է հայտնվեն:

«Մենք պետք է համոզված լինենք, որ Ադրբեջանին թույլ չի տրվի մարզական այսպիսի միջոցառումներով մոռացության տալ իր վատ համբավը` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», - իր հերթին, ասել է հեղինակավոր Amnesty International կազմակերպության նախագահ Քեյթ Էլլենը, հավելելով` իրավապաշտպան կառույցը շարունակելու է ճնշումները ՈւԵՖԱ-ի և ֆուտբոլային մյուս կառույցների վրա` երաշխավորելու, որ Ադրբեջանն ու ավտորիտար մյուս պետություններն այլևս չստանան նման խաղեր հյուրընկալելու հնարավորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG