Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդ»-ը՝ Եվրոպայի լիգայի հաղթող, Մխիթարյանը՝ մրցաշարում թիմի ռմբարկու


Հենրիխ Մխիթարյանը և «Մանչեսթր Յունայթեդ»-ի մյուս աստղերը խփած հերթական գոլից հետո, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը և «Մանչեսթր Յունայթեդ»-ի մյուս աստղերը խփած հերթական գոլից հետո, արխիվ

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող։

Հեղինակավոր մրցաշարի՝ չորեքշաբթի ուշ երեկոյան Ստոկհոլմում կայացած եզրափակիչ խաղում «Մանչեսթր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով առավելության հասավ Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեց Պոլ Պոգբան 18-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին գեղեցիկ գոլով կրկնապատկեց այն։ Եվրոպայի լիգայում խփած 6 գոլերով հայ ֆուտբոլային աստղը դարձավ մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լավագույն ռմբարկուն, երկրորդը Զլատան Իբրահիմովիչն է՝ 5 գոլով։

«Անչափ, անչափ, անչափ երջանիկ եմ այս երեկո մեր տոնած հաղթանակով: Նվիրում եմ այս մրցանակը ընտանիքիս, Մանչեսթրին և բոլոր հայերին», - Թվիթերում գրել է Մխիթարյանը:

Մինչ խաղի մեկնարկը հայտարարվեց լռության րոպե՝ ի հիշատակ Մանչեսթրի ահաբեկչության զոհերի։ Manchester Arena մարզահամերգային համալիրում մայիսի 22-ի երեկոյան մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով, հիշեցնենք, առնվազն 22 մարդ է զոհվել, 59-ը՝ վիրավորվել։

Եվրոպայի լիգան՝ նախկին ՈւԵՖԱ-ի գավաթը եվրոպական ակումբային գլխավոր երեք մրցաշարերից միակն էր, որում «Մանչեսթր Յունայթեդ»-ը մինչ այժմ չէր հաղթել։ Ավելի վաղ անգլիական այս ուժեղագույն թիմը երեք անգամ նվաճել էր Չեմպիոնների գավաթը (այժմ՝ Չեմպիոնների լիգա), մեկ անգամ՝ Գավաթակիրների գավաթը։

Եվրոպայի լիգայում հաղթանակը «Մանչեսթր Յունայթեդ»-ին հնարավորություն տվեց հանդես գալու Չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարում, թեև Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջերս ավարտված 2016-17 թվականների մրցաշրջանում թիմը գրավել է 6-րդ տեղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG