Մատչելիության հղումներ

Մեքենաների տեխզննության ընկերությունները վերականգնել են պետությանը պատճառած մոտ 826 մլն դրամի վնասը. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքով պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 միլիոն 679 հազար 568 դրամ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Նշված դեպքերի առթիվ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով [Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով], ընդհանուր առմամբ հարուցվել է 26 քրեական գործ: Որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ըստ կոմիտեի, պետությանը պատճառված վնասը վերականգնելուց հետո 11 քրեական գործ կարճվել է՝ ոչ արդարացնող՝ գործուն զղջալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու հիմքով: 1 քրեական գործ միացվել է:

«Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ակտիվ քննչական և դատավարական գործողությունները՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG