Մատչելիության հղումներ

Իրավիճակը Կոսովոյում սրվել է. սերբական բանակը բերվել է մարտական պատրաստության վիճակի


Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել է սերբ պաշտոնյայի, Պրիշտինա, 26-ը մայիսի, 2018թ․

Այսօր առավոտյան Սերբիայի զինված ուժերը մարտական պատրաստության առավելագույն վիճակի են բերվել: Երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը այս հրամանն արձակեց Կոսովոյի հյուսիսային, սերբաբնակ շրջաններում ծավալված իրադարձություններից անմիջապես հետո:

Իրավիճակը երկրամասի հյուսիսում կտրուկ սրվեց, երբ Կոսովոյի ոստիկանությունը միաժամանակյա լայնածավալ գործողություն նախաձեռնեց առնվազն երեք սերբաբնակ քաղաքներում ու գյուղերում` ձերբակալելով տեղական ոստիկանության մոտ երկու տասնյակ աշխատակիցների: Կոսովոյի ալբանական իշխանությունները պնդում են, որ ձերբակալվածների թվում ոչ միայն սերբեր են, այլև ալբանացիներ և բոսնիացի մահմեդականներ: Նրանք, ըստ պաշտոնական Պրիշտինայի, կասկածվում են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ մաքսանենգության և կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապեր ունենալու մեջ:

Բելգրադում Ռուսաստանի դեսպանության տարածած հայտարարությունից, սակայն, պարզ է դառնում, որ ձերբակալվածների թվում միայն տեղացի ոստիկաններ չեն: Դեսպանատան պնդմամբ՝ ալբանական ոստիկանության հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է նաև Կոսովոյում ՄԱԿ-ի ներկայացուցչության ռուսաստանցի աշխատակիցներից մեկը` Միխայիլ Կրասնոշյոնկովը: TACC գործակալության պնդմամբ՝ ոստիկանները ռուսաստանցի դիվանագետին բերման ենթարկելու ընթացքում նրան ծեծի են ենթարկել:

Կոսովոյի ալբանական ոստիկանության ձեռնարկած այսօրվա գործողություններն ուղեկցվել են նաև լուրջ բախումներով: Դրանք առավել սուր բնույթ են ստացել Զուբին Պոտոկ սերբական գյուղում: Ալբանական աղբյուրների փոխանցմամբ՝ այստեղ ծագած ընդհարման հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել: Սերբական կողմը հաղորդում է վիրավոր երկու սերբերի մասին:

Ուշագրավ է, որ այս բախումներից մոտ 12 ժամ առաջ Սերբիայի նախագահը երկրի խորհրդարանում զգուշացնում էր` «Կոսովոյի և Մետոխիայի սերբերի դեմ հարձակումը ամիսների, եթե ոչ օրերի հարց է»:

«Մենք պարտավոր ենք մարդկանց ասել ճշմարտությունը, եթե անգամ այն շատ տհաճ է: Մենք պետք է ընդունենք ստեղծված իրողությունները` մենք պարտվել ենք, մենք կորցրել ենք վերահսկողությունը Կոսովոյի հանդեպ: Խաբեությունն ու ստերը շարունակելու որևէ ցանկություն ես չունեմ: Բելգրադը Կոսովոյի տարածքում հիվանդանոցների և դպրոցների կառավարումից բացի որևէ այլ իշխանություն չունի», - հայտարարում էր Սերբիայի նախագահը:

Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ այս պահին իրադարձությունների զարգացման ամենահավանական սցենարներն այնքան էլ շատ չեն:

«Գոյություն ունի երկու սցենար` կամ Բելգրադը և Պրիշտինան կարգավորում են հարաբերությունները, կամ էլ հակամարտության սառեցված վիճակը պահպանվում է: Սառեցված վիճակը, սակայն, կախված է լինելու բացառապես ալբանացիներից: Իսկ նրանք գնալով ավելի ու ավելի նյարդային պահվածք են ցուցաբերում: Եթե մենք չկարողանանք որևէ համաձայնագիր կնքել, սպասեք ալբանացիների հարձակմանը», - հայտարարում էր Ալեքսանդր Վուչիչը` ընդգծելով, որ Պրիշտինայի հետ բանակցությունները հնարավոր կլինեն միայն Կոսովոյի կառավարության կողմից սերբական ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերի վերացումից հետո:

Հիշեցնենք, Կոսովոյի կառավարությունը Սերբիայում և Բոսնիա-Հերցեգովինայում արտադրված բոլոր ապրանքատեսակների վրա 100-տոկոսանոց մաքսատուրք է սահմանել դեռ անցած տարվա նոյեմբերի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG