Մատչելիության հղումներ

Զասը վստահեցնում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանելու է բոլոր անդամ երկրների անվտանգության շահերը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը շեշտել է ՀԱՊԿ-ի կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առաջնահերթություններին` նախարարն ընդգծել է անդամ պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։

Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG