Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանում իր խմբակցությունը չունի այն պարզ պատճառով, որ «Ժողովրդի ծառա» կուսակցությունն օրենսդիր մարմնում ներկայացված չէ:
Ուկրաինան պատրաստվում է հուլիսի 21-ին կայանալիք Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին, և նախագահի թիմը համոզված է, որ նունիսկ այս շատ կարճ ժամանակահատվածում «Ժողովրդի ծառա»-ն կկարողանա ստանալ ընտրողների մեծ աջակցությունը:
Կուսակցության նախագահ է ընտրվել Զելենսկու մերձավոր դաշնակիցը՝ քաղաքական հարցերով խորհրդական Դմիտրի Ռազումկովը:
Նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Կորնիենկոն ասել է, որ հունիսի 8-ին անցկացվելիք համագումարում կհրապարակվեն կուսակցության ծրագիրը, գաղափարական դրույթները և մեծամասնական ու համամասնական ցուցակները:
«Մեր ընդդիմախոսները հին քաղաքական դպրոցից են, հիմա նրանք ամեն կերպ փորձում են քաղաքացիներին համոզել, թե իբր իրենցից բացի էլ ոչ ոք չի կարող ղեկավարել պետությունը, այնտեղ կան շատ օլիգարխներ, փորձառու օլիգարխներ, գերփորձառու օլիգարխներ, ովքեր մի քանի ժամկետ են աշխատել, բայց մեր հարցումները և ժողովրդի տրամադրությունը մեզ լավատեսություն են ներշնչում»,- ասել է ընտրական շտաբի ղեկավարը:
Կորնիենկոյի փոխանցմամբ՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության առավելագույն նպատակն է ընտրությունների արդյունքում ստեղծել մեկ քաղաքական ուժի կոալիցիա:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավանական թեկնածուներին ընտրելու համար ստեղծել է հատուկ էջ համացանցում:
«Յուրաքանչյուր թեկնածու պետք է դիմում լրացնի, ինչպես նախագահական ընտրությունների օրերին էր, և կցի համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ ներկայացնի իր քաղաքական հայացքները և գաղափարները, դիմումները կքննարկեն մեր թիմը և մեր վարձած պրոֆեսիոնալ գործակալությունը»,- ասել է «Ժողովրդի ծառա» կուսակցության թվային ռազմավարության բաժնի ղեկավար Միխայլո Ֆյոդորովը:
Դե իսկ նախագահ Զելենսկին սոցցանցում հրապարակել է կուսակցության խորհրդանշանը՝ քաղաքացիական հագուստով հեծանվորդ, որի ձեռքում նախագահական գավազանն է:
Գուցե այդպես նախագահը նկատել է տալիս, որ երկիրը ղեկավարելու են ամենադեմոկրատական տրանսպորտով՝ հեծանվով երթևեկող շարքային ազնիվ մարդիկ:
«Սա «Ժողովրդի ծառա» կուսակցության լոգոն է, ի՞նչ կասեք»,- հարցրել է Զելենսկին Տելեգրամ-կանալի իր էջում: