Մատչելիության հղումներ

Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները կապված են ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելու հետ. Մամեդյարով


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը այսօր ղարաբաղյան հակամարտությանը նվիրված առանձին ծավալուն հոդված և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հարցազրույց է հրապարակել։

Ադրբեջանի արտգործնախարարն իր հարցազրույցում մանրամասն խոսում է այն մասին, թե, իր կարծիքով, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները կապված են ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքի հետ։ Հենց այդ սոցիալ-տնտեսական խնդիրներն են, Մամեդյարովի պնդմամբ, դարձել թավշյա հեղափոխության պատճառը։

Մամեդյարովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշել է՝ Բաքուն այսօր որոշ հույսեր է փայփայում, թե Հայաստանի նոր իշխանությունը հասկանում է, որ «առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և առանց Հայաստանի ինտեգրման տարածաշրջանային համագործակցությանը չի կարելի Հայաստանը հանել այն փակուղոց, որի մեջ հայտնվել է»։

Պաշտոնական Բաքուն, արտգործնախարարի խոսքով, ժամանակ էր տվել Հայաստանի նոր իշխանություններին բանակցությունների մանրամասներին ծանոթանալու համար։ Ըստ Մամեդյարովի, այդ անցումային ժամանակաշրջանն ավարտվել է, և բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների, այնպես էլ արտգործնախարարների միջև։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկխոսությունն այսօր ընթանում է գոյություն ունեցող օրակարգի շուրջ, ինչը Բաքվին որոշ լավատեսության տեղ է տալիս։ Միևնույն ժամանակ, Մամեդյարովն ասել է, որ շատ հաճախ բանակցային գործընթացի շրջանակներում հանդիպումներին զուգահեռ հայկական կողմից հնչում են բավականին երկիմաստ հայտարարություններ, որոնք ստվեր են գցում կարգավորման ողջ կառուցվածքի վրա։ «Սա, իհարկե, տագնապալի է», - նշել է նա։

Արձագանքելով «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին, թե արդյոք ավելի ճիշտ չէ՞ վերականգնել վստահությունը և հետո նոր անցնել տարածքների վերադարձի, Ղարաբաղի կարգավիճակի և ադրբեջանցի փախստականների հետ կապված հարցերին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը չի համաձայնում նման ձևաչափին և ասում է, թե կարգավորումը պետք է լինի փուլային, որի սկիզբը պետք է լինի հայկական ուժերի դուրսբերումը շրջաններից և ադրբեջանցի փախստականների վերադարձն այդ շրջաններ, դրան զուգահեռ՝ վստահության մթնոլորտ ձևավորելը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի դիրքորոշմանն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում, Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարել է, որ բանակցությունների այսօրվա ձևաչափը որոշվել է դեռևս 1992 թվականին, և սա է իրականությունը։ Մնացածը, ըստ Մամեդյարովի, բանակցային գործընթացը ձգձգելու փորձ է։

Հայ լրագրողների համար ավելի բարդ է Ադրբեջան այցելելը, քան ադրբեջանցի լրագրողների համար՝ Հայաստան. «Կոմերսանտ»

«Լեռնային Ղարաբաղը պատրաստում են խաղաղության» վերնագրով ծավալուն հոդվածում «Կոմերսանտ»-ը փորձել է ներկայացնել, թե ինչպես են հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստվում այդ խաղաղությունը։

Թերթը մեջբերել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքերն այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանի օրինակը վստահության մթնոլորտ ամրապնդելու լավագույն օրինակը չէ։ Մնացականյանի խոսքով՝ լրագրողների և կալանավորվածների հարազատների փոխադարձ այցելությունների հարցը այսօր քննարկման առարկա է, և հայկական կողմը ակնկալում է մշակել այնպիսի բանաձև, որն ի վերջո դրական արդյունք կտա։

Հոդվածի հեղինակները խոսել են ադրբեջանցի և հայաստանցի լրագրողների ու փորձագետների հետ և եկել են այն եզրահանգման, որ հայ լրագրողների համար ավելի բարդ է Ադրբեջան այցելելը, քան ադրբեջանցի լրագրողների համար՝ Հայաստան։

«Կոմերսանտ»-ն անդրադառնում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աղմուկ հանած «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությանը։

«Սա նշանակում է, որ պատերազմի դեպքում Հայաստանը ակնկալում է ոչ միայն պաշտպանել, այլ նաև ավելացնել իր հսկողության տակ գտնվող տարածքները», - գրում է հոդվածագիրը՝ հավելելով․ - «Սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ուժերի դասավորվածությունն այլ է․ նոր տարածքներ կարող է ձեռք բերել ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը»։

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը գրավել էր Լելե Թեփե բարձունքը և սկսել արագ վերակառուցել Ջոջուգ Մարջանլի գյուղը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր այն ներկայացնում են որպես խորհրդանիշ այն փաստի, որ երկիրն ունի անհրաժեշտ ռեսուրսներ տարածքները վերադարձնելու և վերակառուցելու համար։

Ռուսաստանյան թերթը նշում է՝ հայկական կողմը պնդում է, որ այդ գյուղը մինչև ապրիլյան պատերազմը ադրբեջանական կողմում էր և այդտեղ մարդիկ էին բնակվում։ Այսօր այդ գյուղում, ադրբեջանական կողմի տվյալներով, 503 մարդ է ապրում, և Բաքուն մեծ գումարներ է ծախսել այդ գյուղը վերակառուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG