Մատչելիության հղումներ

ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը


ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին, արխիվ
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին, արխիվ

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը:

Գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ֆուտբոլային կառույցի ղեկավարը պնդել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հարցը Ադրբեջանում խնդրահարույց է, սակայն, դա խնդիր է նաև այլ եվրոպական երկրներում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Բաքվի երկրպագուները պետք է զրկվեն տեղում ֆուտբոլին հետևելու իրավունքից»:

Եզրափակիչը Բաքու տանելու՝ ՈւԵՖԱ-ի որոշումը սուր քննադատության թիրախում էր հայտնվել հատկապես «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատճառով, ով օրեր առաջ հայտարարեց, թե որոշել է չմասնակցել խաղին՝ անվտանգության նկատառումներով: Հակադարձելով այդ քննադատություններին՝ ՈւԵՖԱ-ի նախագահը պնդել է. «Որոշումը Մխիթարյանինն է, Ադրբեջանը նրան տվել էր անվտանգության երաշխիքներ»:

Ֆուտբոլային երկրպագուներն ու «Արսենալ»-ի ֆուտբոլիստները, մինչդեռ, պնդում են, որ մարզական կառույցը մտածում է միայն փողի մասին՝ ստորադասելով ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների անվտանգությունը:

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն, իր հերթին, CNN-ի հետ զրույցում պնդել է. «Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը անհնարին դարձրին ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը»:

«Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- CNN-ին ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Հենրիխ Մխիթարյանի Բաքու չմեկնելու հարցը քննարկվել էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG