Մատչելիության հղումներ

ԿԳ նախարարը ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման մեջ «լրջագույն խնդիրներ» է տեսնում


ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարարը կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Մայր բուհի ռազմավարական պլանը նպաստել է ոչ թե ԵՊՀ-ի առաջընթացին, այլ հակառակը՝ դրա հետևանքով բուհը հետընթաց է արձանագրել։

«ԵՊՀ-ի ներկայիս վիճակը նայեք և տեսեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն։ Ինքն ունեցել է ռազմավարական պլան, բայց էս իրադարձություններից դրդված ինչ-որ բարեփոխումների խմբեր է ստեղծում», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարությունյանը:

Փետրվարին ոստիկանությունը հաղորդեց՝ ԵՊՀ-ում խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքեր են բացահայտել, գործ հարուցել և այն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գերատեսչությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Կրթության նախարարն անդրադարձավ նաև երեկ գործադիրի արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ Վարչապետը բուհերի ապաքաղաքականացման խնդրի մասին էր խոսել, ասել էր՝ այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, Նոր Հայաստանում անելիք չունեն։ Փաշինյանը, սակայն, իր խոսքում չէր նշել՝ կոնկրետ ում նկատի ունի։ Նախարար Հարությունյանը ևս խուսափեց անուններ բարձրաձայնել, սակայն ասաց, որ մամուլում շատ հստակ նշվել է, թե ում մասին է խոսքը։ Իսկ մամուլը երեկ ԵՊՀ ռեկտորի անունն էր շրջանառում։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր չցանկացավ մեկնաբանել վարչապետի երեկվա հայտարարությունը։ Ասաց, որ Փաշինյանն անձնավորված չի խոսել։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

«Վարչապետն արտահայտել է ընդհանուր կարծիք: Ես որևէ մեկի առաջ՝ որևէ ուսանողի դեմ դուռ չեմ փակել», - հայտարարեց նա:

ԵՊՀ նախկին ուսանող, «Հանուն գիտության զարգացման» 2 նախաձեռնության անդամ Գեղամ Ասատրյանը պնդում է՝ մայր բուհում ուսանողների առաջ դռներ փակվել են ոչ միայն հեղափոխության օրերին, այլև դրանից առաջ՝ ընդդեմ տարկետման իրավունքի վերացման նախաձեռնության ակցիաների ժամանակ։ Երկու դեպքում էլ՝ ինքն է ականատես եղել: - «Ինձ համալսարանի անվտանգության աշխատակիցներից մեկը ներս չթողեց: Երբ ես հանեցի ուսանողական տոմսս, մեկ է՝ չթողեց», - պատմում է նա:

«Իմ քայլը» խմբակցության երիտասարդ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց՝ հեղափոխության օրերին ինքը ևս նման խոչընդոտի առաջ է կանգնել։ - «Հիշում եմ՝ քննությունս ավարտվել էր, ես մոտ մեկ ժամ սպասում էի, որ աշխատակիցը դուռը բաց անի, բայց նա տեղում չէր: Հետագայում եկավ և ասաց, որ բանալիներն իր մոտ չեն, վերցրել են: Նմանատիպ պատասխան տվեց», - հիշում է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքայնն համամիտ է վարչապետի հետ՝ բուհերը պետք է ապաքաղաքականացնել, սակայն նշում է՝ մինչ այդ էլ պետք է ուշադիր լինել, որպեսզի բուհերի կառավարման խորհուրդներում «Իմ քայլի» պատգամավորներ չներգրավվեն։ - «Ես տվյալներ ունեմ, որ արդեն կառավարման խորհուրդներ կան, որտեղ իշխող ուժից մարդիկ կան ներգրավված: Մենք պետք է դա բացառենք», - ասաց նա:

Մարուքյանը վարչապետի հայտարարությունը ճնշում չի համարում բուհերի նկատմամբ։ Ասում է՝ դա պարզապես քաղաքական հայտարարություն էր: - «Էն մարդիկ, ովքեր բուհի կանոնադրությունը խախտել են, ուսանողների իրավունքները ոտնահարել են, նրանք չպիտի ռեկտոր աշխատեն», - նշեց նա: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, սակայն, ամեն ինչ պետք է իրականացվի օրենքի շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG