Մատչելիության հղումներ

Գործադուլ Վանաձորում. երթուղայինների վարորդները բողոքում են գազի գնից


Վանաձորի ներքաղաքային երթուղայինների վարորդները գործադուլ են անում, 23-ը մայիսի, 2019թ.

Վանաձորի ներքաղաքային բոլոր երթուղիների վարորդներն այսօր գործադուլ են արել։ Մոտ 100 «Գազել»-ներ կանգնեցրել են Հայքի հրապարակում և բողոքում են, թե վերջին օրերին լիցքավորած նույն ծավալի գազի դիմաց ավելի շատ են վճարում, չնայած լցակայաններում ավտոգազի գինը նախկինի նման 290 դրամ է։

«Մի շաբաթ առաջ ես անմիջապես զգացի թանկացումը, որ ես միշտ լցնում էի 4600 դրամի, էդ օրը ես լցրեցի 6000 քանիս։ 1800-2000 դրամի տարբերություն է տալիս», - նշեց վարորդներից մեկը։

«Ազատության» հարցին, թե ամսի քանիսի՞ց եղավ այդ փոփոխությունը, պատասխանեց. «Երեկ չէ առաջի օրը՝ ամսի 21-ին։ Դրա առաջին օրը կամ դրանից չորս օր առաջ նույն երթուղին սպասարկած «Գազել»-ը բռնում է 5000 դրամ, երկու օր հետո բռնում է 7000 դրամ, ի՞նչ փոխվեց»։

Վարորդները կասկածներ ունեն, թե գազալցակայանների կողմից իշխանությունների նկատմամբ դժգոհություն առաջացնելու միտում կա։ Անգամ վիճաբանություն սկսվեց նրանց միջև։ Ոմանք իրավիճակի համար մեղադրում էին գործող իշխանություններին ու անձամբ վարչապետին, մյուսները՝ թե այստեղ այլ ուժերի մատը խառն է, և որ իրենց հարկադրել են մասնակցել այսօրվա բողոքի ակցիային։

«Հիմա էլ ուզում են հիմիկվա իշխանությանը ցած գցեն, դրա համար էլ սենց բան են անում», - ասաց մեկ այլ վարորդ։

Հարցին՝ այսինքն գազալցակայանների՞ն նկատի ունի, արձագանքեց. «Դե մաֆիան ֆռռում է, էլի, ես բան չունեմ ասելու»։

Վարորդներն, ամեն դեպքում, միաբերան ասում են, թե գազալցակայաններում գին չփոխելով կարողանում են իրենցից մոտ 2000 դրամ ավելի գումար տանել, ըստ իրենց՝ կշեռքում մանիպուլյացիոն գործողությունների արդյունքում։

«Մայիսի 1-ից հետո, որ կիլոգրամ դարձրին, նորմալ է եղել, ապացույցները կա։ Նորմալ է եղել, ո՛չ բողոք է եղել, ո՛չ բան, իսկ հիմա՝ էս հինգ օրվա ընթացքում, արդեն 1500 դրամի տարբերություն է տալիս։ Նույն կշեռքն է, էդ ի՞նչ եղավ էդ կշեռքին», - ասաց բողոքողներից մեկը։

«Իրանց ապարատների հետ է կապված՝ ապարատները ճիշտ չեն աշխատում», - ընդգծեց մեկ այլ վարորդ։

Գազալցակայաններում միանշանակ հերքում են մեղադրանքները, նշում, որ մայիսի 1-ից հետո որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Հիշեցնենք, Ազգային ժողովի ընդունած օրենքով՝ մայիսի 1-ից ավտոգազը վաճառվում է ոչ թե ըստ խորանարդ մետրի, այլ՝ կիլոգրամի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG