Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ այսօր Ալմաթիում ելույթ ունենալով Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը։
Ընդգծելով, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում, նա շարունակել է․ - «Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա»:
«Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին», - հայտարարել է Հայաստանի նախագահը:
Նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել, Սարգսյանն ասել է․ - «Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն վիրտուալ կյանքը, որն ապրում ենք: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի մի քանի ժամ, իսկ ոմանք՝ շատ ավելի ժամանակ են անցկացնում վիրտուալ տարածքում, որը դարձել է շատ ավելի ընդգրկուն, քան պարզապես լուրերը, լրագրությունը կամ տեղեկատվության հաղորդումը: Դա մեր կյանքի մասն է: Սա ինդուստրիալ հեղափոխության փոքր գործիքը կամ արտադրանքն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն մեր կյանքի, մեր տնտեսական հարաբերությունների, մեր լուսանկարների, ընտանիքի, բանկերի հետ մեր ֆինանսական հարաբերությունների մասին»:
«Մեդիայի, վիրտուալ տարածքի դերակատարումը մեծ ազդեցություն է ունենում, թե ինչպես է ծնվում քաղաքականությունը, գաղափարները, ինչպես են դրանք իրականություն դառնում: Այն մեդիան, որից սկսել էինք 20 տարի առաջ, այլևս նախկինը չէ: Այդ մեդիան այն երկրորդ վիրտուալ աշխարհն է, որում ապրում ենք: Այն ավելի ու ավելի շատ է ազդեցություն ունենում այն իրական աշխարհի վրա, որում ֆիզիկապես ենք ապրում, և ինչ-որ առումով, դրանք ձուլվում են: Շատ կարևոր մարդկային արժեքներ, ներառյալ այն, թե ինչպես ենք վերաբերվում այս մոլորակին, ժողովրդավարությանը, ևս փոխվելու են: Մենք պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արմեն Սարգսյանը:
Ֆորումի շրջանակում կայացած «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկման ժամանակ էլ Հայաստանի նախագահը, մասնավորապես, ասել է․ - «Հայաստանը խաչմերուկ է: Այդ պատճառով մեր երկիրը սովորել է աշխատել բոլորի հետ և սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Սակայն, միևնույն ժամանակ, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, և ես այստեղ որևէ հակասություն չեմ տեսնում: Ավելին, Հայաստանն ունի առավելություն, և միջազգային հանրությունը պետք է փորձի օգտվել այդ առավելությունից, քանի որ Հայաստանը միակն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի և Եվրասիայի հետ: Ուստի ինչո՞ւ չօգտագործել որպես կամուրջ հանդես եկող Հայաստանի հնարավորությունները»:
Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում՝ պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։
Հիշեցնենք, Ալմաթիում անցկացվող ֆորումին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: