Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնավարման երրորդ օրն արդեն բախվում է երկրի խորհրդարանի կոշտ դիմադրությանը:
Գերագույն ռադան չորեքշաբթի օրը քվեների 92 կողմ, 226 դեմ հարաբերակցությամբ հրաժարվեց քննարկել Ուկրաինայի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու Զելենսկու առաջարկը:
Ուկրաինայի նախագահը խորհրդարանականներին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մի փաթեթ էր ներկայացրել, որով նախատեսվում էր հրաժարվել մեծամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումից, ինչպես նաև նվազեցնել կուսակցությունների համար սահմանված շեմը` հինգ տոկոսից այն հասցնելով երեքի:
Ուկրաինայի խորհրդարանում ներկայացված խոշորագույն խմբակցությունները, սակայն, մերժեցին այս առաջարկը` պնդելով, թե եվրոպական կառույցները կոչ են անում ընտրություններին նախորդող տարում զերծ մնալ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց:
Զելենսկու նախաձեռնությունն անսպասելիորեն պաշտպանեց նախագահական ընտրությունների առաջին փուլի նրա մրցակիցներից մեկը` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
«Ընտրական օրենսգիրքը անհապաղ կերպով պետք է փոխվի: Որովհետև դա է Ուկրաինայի քաղաքական համակարգի հիմքը: Եվ քանի դեռ այն հիմնված է մեծամասնական, կոռումպացված անպետք այդ համակարգի վրա, արդյունքները միշտ նույնն են լինելու», - հայտարարում էր Տիմոշենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահի հրամանագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրում կայանալու են հուլիսի 21-ին:
Խորհրդարանի ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ Զելենսկու այդ հրամանագիրը հակասում է երկրի Սահմանադրության մի շարք դրույթներին:
Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին արդեն իսկ Գերագույն ռադայի լուծարման մասին նախագահի հրամանագիրը բողոքարկել է Ուկրաինայի Սահմանադրական դատարանում:
«Նախագահի հրամանագիրը ոչ միայն Սահմանադրության խախտում է, այլև մի քայլ, որի հետևանքով պատերազմող Ուկրաինան հայտնվում է սահմանադրական ճգնաժամում: Ես, որպես խորհրդարանի նախագահ, այդ հրամանագիրը չեղարկելու որևէ լիազորություն չունեմ: Թող դատարանը որոշի, թե որքանով է այդ հրամանագիրը համապատասխանում Սահմանադրության պահանջներին», - հայտարարում էր Պարուբին:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեների 73 տոկոսը ստացած Վլադիմիր Զելենսկին ցանկանում է լուծարել երկրի խորհրդարանը, քանի որ այն, ըստ նորընտիր նախագահի, չի արտահայտում երկրում առկա տրամադրություններն ու ուժերի իրական հարաբերակցությունը: Սակայն Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խորհրդարանում որևէ պատգամավոր չունի: