Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները մայիսի 22-ին հրավիրված արտահերթ նիստում օրակարգ չեն ընդգրկել ընտրական օրենսդրության փոփոխությունների հարցը:
Փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես էր եկել երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին: Գերագույն ռադայի խոսնակը արտահերթ նիստ էր հրավիրել, սակայն քվեարկության արդյունքում հարցը օրակարգ ընդգրկելու առաջարկը անհրաժեշտ քանակի ձայներ չի ստացել:
Այդպիսով Ուկրաինայում հուլիսի 21-ին նշանակված խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն գործող օրենքով՝ պատգամավորների կեսը կընտրվի մեծամասնական ընտրակարգով, մյուս կեսը կուսակցական ցուցակներով: Անցողիկ շեմը կմնա նույնը՝ 5 տոկոս:
Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր վերացնել մեծամասնական ընտրակարգը, իսկ կուսակցությունների համար անցողիկ շեմը իջեցնել 3 տոկոսի: