Դատական բարեփոխումները չպետք է խաթարեն համակարգի բնականոն աշխատանքը, հայտարարում է Հայաստանի դատավորների միությունը։
Տարածած հայտարարությունում Դատավորների միությունը հորդորում է զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից, իսկ հավաքներ անցկացնելու իրավունքն իրացնել՝ պահպանելով Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:
Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի, նշված է հաղորդագրությունում:
Դատավորների միությունը նաև հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից:
«Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքը, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից», - ասված է հայտարարությունում:
Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները, ընդգծում է Դատավորների միությունը: Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն, դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին, ասված է հայտարարությունում:
Դատավորների միությունը պնդում է, որ վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով հեռարձակվող հեռուստահաղորդումներում, տեսանյութերում, տպագիր և էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերում հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.
«1. Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ: Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում։
2. Անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք»։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, երբ քաղաքացիներն իր կոչով արգելափակել էին դատարանների մուտքերը և ելքերը, կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտությունների» ժամանակը։