Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Այսօրվա դատական ակտը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Դատախազությունը պարզաբանում է՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ այսօրվա դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման պահից տասնօրյա ժամկետում, և դա նշված է որոշման եզրափակիչ մասում:

«Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ալումյանը նշել էր, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով», - նշում է Գլխավոր դատախազությունը՝ շեշտելով․ - «Իրականությանը չի համապատասխանում դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը, իսկ տվյալ դեպքում դատարանի վերոնշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկելու հնարավորության մասին հայտարարությունը լիովին իրավաչափ է»:

Գլխավոր դատախազությունը կոչ է անում պաշտպանական կողմին ձեռնպահ մնալ «ավելորդ որակումներից և դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ թյուրընկալումներ առաջացնելու փորձերից»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակված որոշմամբ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG