Մատչելիության հղումներ

Մնացականյան․ «Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են»


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:

Հայաստանի ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ ողջույնի խոսքերով են հանդես եկել Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին և գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Զոհրաբ Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշել է. - «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ամրապնդման կարիք ունեն»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթել է Ֆրանսիային իր հետագա նախաձեռնություններում:

Նստաշրջանի ավարտին կազմակերպության նախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվել է Ֆրանսիային:

Նախորդ օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG