Մատչելիության հղումներ

Նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի. Փաշինյան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել, որ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պատրաստվում է երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Ռուսական լրատվամիջոցներին այսօր Երևանում տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, սակայն, ասել է՝ մտադիր չէ միջամտել այդ հարցին:

«Նա հրապարակային դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ կան որոշ հարցեր», - ասել է Փաշինյանը:

Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երեկ անձամբ դատարանում երաշխավորեցին, որ ազատության մեջ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Քոչարյանը ազատության մեջ պատշաճ վարքագիծ կդրսևորի: Նրանք նաև 500-հազարական դրամ վճարեցին դատարանի հաշվին: Դրանից առաջ էլ նույն հարցով դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազին ու մերժում ստացել այն պատճառաբանությամբ, որ գործն արդեն դատարանում է, ոչ թե դատախազության տիրույթում:

«Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հարցրել է Փաշինյանը:

Փաշինյանը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Քոչարյանի գործով դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը կարող է Լեռնային Ղարաբաղի բնակիչների շրջանում Հայաստանի վարչապետի նկատմամբ անվստահության աճի հանգեցնել: Նրա համոզմամբ՝ Ղարաբաղում ինքը հնարավոր է ավելի շատ աջակցություն է վայելում, քան Հայաստանում:

Ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցում Փաշինյանը անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, տարածաշրջանում իսլամական գրոհայինների հետ կապված վտանգին, Պուտինի հետ առաջիկա հանդիպումներին:

Հայաստանի վարչապետը Ադրբեջանի և Հայաստանի դիրոքրոշումների մերձեցման հույս է հայտնել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության հարցում։ Հիշեցնենք, բոլորովին վերջերս Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն սկզբունքորեն դեմ է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությանը:

Փաշինյանն այսօր ընդգծել է, որ Արցախի իշխանությունների վերադարձը բանակցային սեղան ոչ թե հայկական կողմի պայմանն է, այլ առաջարկությունը։

«Կարծում եմ, որ խնդիրը մենք կկարողանանք կարգավորել բանակցային ճանապարհով», - ասել է Փաշինանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է, որ բանակցող բոլոր կողմերը խնդիրը հենց այդ ճանապարհով կարգավորելու ցանկություն ունենան։ Առաջիկա քայլերի շարքում Փաշինյանը նշել է ադրբեջանցի և հայաստանցի լրագրողների փոխայցելությունների կազմակերպումը։

Սրա հետ մեկտեղ, Փաշինյանը չի կարծում, թե պետք է արագացնել բանակցային գործընթացը: «Մենք այն չենք արագացնի, բայց չենք էլ դանդաղեցնի։ Խնդիրը կա և այդ խնդրի մասին պետք չէ մոռանալ», - ասել է նա՝ պարզաբանելով, որ Արցախի ճանաչման հարցը շատ զգայուն հարց է և միշտ եղել է օրակարգում և այստեղ հիմնականը Հայաստանի հարաբերություններն են միջազգային հանրության հետ։

Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել, թե լարվածությունը Ղարաբաղում կարող է Իրաքից և Սիրիայից այսօր փախչող իսլամիստներին բերել մեր տարածաշրջան:

«Դուք տեսնում եք՝ ինչ լարված իրավիճակ է Իրանի շուրջ, և այդ լարվածությունը շարունակում է աճել։ Սիրիայում մեծ քանակի իսլամական ռադիկալ խմբավորումների գրոհայիններ կան, նրանք հասկանում են, որ այլևս տեղ չունեն Սիրիայում և Իրաքում։ Մեր տեղեկությամբ, նրանք այսօր նոր տեղ են փնտրում, որտեղ կարող են հայտնվել։ Եթե մեր տարածաշրջանում սկսվի նոր էսկալացիա, դա նրանց համար լավ առիթ կլինի, որպեսզի նրանք հայտնվեն, օրինակ, Ադրբեջանում։ Շատ հարմար կետ է նրանց համար, որտեղից նրանք կարող են իրենց գործունեությունը ծավալել Իրանի, Ռուսաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ», - ասել է Փաշինյանը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հավելելով, թե նոր պատերազմը Ղարաբաղում արդեն լոկալ չի լինի՝ հույս հայտնելով, թե դա հասկանում են և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Իրանում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկա շաբաթներին՝ մայիսի վերջին և հունիսի սկզբին, հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ անցնելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված տնտեսական համաժողովի ժամանակ։

Ռուսական լրատվամիջոցների համաձայն, Հայաստանի վարչապետը նշել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կապը պահելու համար հանդիպելը պարտադիր պայման չէ։

«Ես միշտ կարող եմ, երբ պետք լինի, զանգել Վլադիմիր Վլադիմիրովիչին, նա կարող է զանգել ինձ, դա պրակտիկա է և որևէ խնդիր չկա», - ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նորից հույս է հայտնել, թե ռուսական «Գազպրոմ»-ը բանակցությունների արդյունքում կվերանայի գազի գինը։ Փաշինյանը այս մասին ասել էր ռուսական РБК-ին տված հարցազրույցում։

«Ես համոզված եմ, որ գազի գինը իջեցնելը իրատեսական է և խոսքը Եվրասիական տնետսական միության արդյունավետության մասին է։ Մենք, ըստ էության, արդեն ունենք միասնական էներգետիկ շուկա ստեղծելու մասին պայմանավորվածություն և մեր առաջարկություններն այս տրամաբանության շրջանակում են։ Ես կցանկանայի այս հարցը կարգավորել մինչ տարվա վերջ», - ասել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG