Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցել»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցություններ վարել:

Միաժամանակ, Թրամփը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության շուրջ Սպիտակ տանն առկա տարաձայնությունների մասին:

«Համոզված եմ, որ Իրանը շուտով կհայտնի բանակցելու ցանկության մասին», - Թվիթերի էջում գրել է ԱՄՆ ղեկավարը:

Մայիսի 9-ին Թրամփը չէր բացառել Իրանի հետ առճակատման հնարավորությունը:

«Բայց ի՞նչ ես կուզենամ, որ անի Իրանը: Ես կուզենամ, որ նրանք ինձ զանգահարեն», - ասել է Թրամփը, նկատել տալով, որ ցանկանում է բանակություններով լուծել խնդիրները:

Իրանի ղեկավարներն անմիջապես արձագանքել են, ասելով, թե մերժում են ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ տարբերակ:

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգներն անցյալ տարվա մայիսին դուրս է եկել Իրանի և աշխարհի գերտերությունների 2015 թվականի կնքած միջուկային համաձայնությունից:

Թրամփը վերջին օրերին կարգադրել է հզորացնել ամերիկյան ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում:

Պետական դեպարտամենտն Իրաքում ամերիկյան դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցների մեծ մասին կարգադրել է հեռանալ երկրից, ինչը պատճառաբանվում է Իրանի հետ հետզհետե սրվող հարաբերություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG