Մատչելիության հղումներ

Քաղաքական մեկնաբանը չի կարծում, թե Արցախից եկող տրամադրությունները հակահեղափոխական լրջագույն ռիսկ են պարունակում


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան, արխիվ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կարծում, թե վերջին օրերին Արցախից եկող տրամադրությունները հակահեղափոխական ինչ-որ լրջագույն ռիսկ են պարունակում։

Ըստ քաղաքական մեկնաբանի, Հայաստանի հանրությունն ակնհայտորեն բացասական է ընկալում Արցախի իշխանությունների տրամադրվածությունը, սակայն Բադալյանը չի կարծում, թե առանձնապես սպառնալիք կա Հայաստանում ներքաղաքական վիճակին, թավշյա հեղափոխությանը։

«Հայաստանի հանրությունն Արցախի իշխանության էդ տրամադրվածությունն ակնհայտ բացասական է ընկալում, բայց ես չեմ կարծում, որ այստեղ առանձնապես մեծ խնդիր կա, սպառնալիք կա Հայաստանում ներքաղաքական վիճակին, սպառնալիք կա թավշյա հեղափոխությանը, կամ, ինչպես ասում են, հակահեղափոխական ինչ-որ լրջագույն ռիսկ է պարունակում իր մեջ այդ դիրքորոշումը։ Ի վերջո, մենք հասկանում ենք, որ Արցախի իշխանությունը Հայաստանի նախկին իշխող համակարգի մաս էր կազմում։ Էդ հանգամանքը նշանակում է համատեղ անցած ճանապարհ՝ բոլոր, այսպես ասած, մութ և լույս կողմերով։ Եվ շատ հասկանալի է, որ այնտեղ դիրքորոշումը պետք է լիներ Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելը, խափանման միջոցը փոխված տեսնելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Քաղաքական մեկնաբանը նշեց՝ այս ամենը պետք է շատ ավելի հանգիստ ընդունել և շարունակել անել այն գործը, որը բխում է հեղափոխության օրակարգից։

«Այստեղ խնդիրը հետևյալն է նաև՝ շատ լուրջ պահ կա, որ էսպիսի դրսևորումները Հայաստանի հանրության մեջ ընկալվում և նաև շատ շրջանակներից գեներացվում են ռիսկի տեսքով, և սա մի տեսակ անհամարժեք է այն հաղթանակին, որ արձանագրվել է թավշյա հեղափոխությամբ։ Այսինքն՝ թավշյա հեղափոխության հաղթանակող հասարակությունը չպետք է առանձնապես խուճապի կամ սուր տագնապի մեջ հայտնվի Արցախի իշխանության էդպիսի դիրքորոշումներից։ Սրանք, իհարկե, հակոտնյա են Հայաստանի շահերին և տրամադրություններին, բայց նաև շատ հասկանալի պատճառներ ունեն, և այս ամեն ինչը պետք է, կարծում եմ, շատ ավելի հանգիստ ընդունել և շարունակել անել այն գործը, որը բխում է հեղափոխության օրակարգից։ Սա Հայաստանի արդիականացումն է և նաև, իհարկե, Երևան-Ստեփանակերտ պաշտոնական մակարդակով հարաբերությունների վերափոխումը։ Ի վերջո, մի առանցքային հանգամանք էլ կա, որը պետք է նկատի ունենալ՝ որ Արցախը դա Արցախի իշխանությունը չէ, որ Արցախը դա Արցախի հանրությունն է նաև, որն իր տրամադրություններով, իր մտածողությամբ, իր հետաքրքրությամբ և իր շահերով միանգամայն համարժեք է Հայաստանի հանրության շահերին, տրամադրությանը, հետաքրքրություններին», - ասաց Բադալյանը։

Նշենք, որ Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսյան եռատոնին ընդառաջ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը, սակայն Հայաստանի դատախազությունը շեշտել էր, թե այդ որոշումը դուրս է իրենց լիազորությունից, քանի որ Քոչարյանի գործն արդեն դատարանում է:

Օրեր առաջ էլ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանը դատարանին ներկայացրեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, որով նրանք երաշխավորում են, որ Քոչարյանին կալանքից ազատելու դեպքում նա պատշաճ վարքագիծ կդրսևորի և չի խոչընդոտի գործի քննությանը: Երեկ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ Քոչարյանին ազատ արձակելու տրամադրություններ կան Արցախում։

Ղարաբաղյան վերնախավի այս դիրքորոշումը հակասական տրամադրություններ առաջացրեց Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG