Թուրքիան շարունակում է պնդել, որ ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ Վաշինգտոնի հետ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն ուժի մեջ է:
Նախօրեին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն` խոստովանելով, սակայն, որ դեռ հստակ չէ` արդյոք թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբն ի վերջո կստեղծվի՞, թե՞՝ ոչ:
Շաբաթասկզբին տեղեկություններ էին ի հայտ եկել, որոնց համաձայն՝ ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խնդրել էին իրենց թուրք գործընկերներին հետաձգել C-400 համակարգերի ստացման ժամկետները` դրա դիմաց խոստանալով նպաստել աշխատանքային խմբի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ C-400 համակարգերի Թուրքիա առաքումը նախատեսված է սկսել երկու ամսից` հուլիսին:
«Բանակցությունները շարունակվում են: Մենք ամերիկյան կողմի հետ այժմ մտքերի փոխանակման փուլում ենք գտնվում: Դրա արդյունքների հիման վրա էլ կորոշենք` աշխատանքային խումբ ստեղծվելո՞ւ է, թե՞՝ ոչ», - նշում էր Չավուշօղլուն` հավելելով, որ Անկարայում նախատեսում են C-400 համակարգերը ստանալ արդեն առաջիկա ամիսներին:
«Գործարքի հետաձգման կամ չեղարկման մասին այս փուլում խոսք անգամ չկա: Նման հարց նույնիսկ օրակարգում ընդգրկված չէ», - նշում էր Չավուշօղլուն:
Այս շաբաթ ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրն Անկարայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ C-400-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդիր է, և նախապես համաձայնեցված ժամանակացույցից շեղումներ չեն լինի:
«Մոսկվայի հետ C-400 համակարգերի ձեռքբերման շուրջ պայմանագիրը մենք կնքել ենք 10 տարի շարունակված փնտրտուքներից, Միացյալ Նահանգների, Իտալիայի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ անարդյունք բանակցություններից հետո», - նշել էր թուրք պատգամավորը:
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ պետություններ կտրականապես ընդդիմանում են Թուրքիայի կողմից ռուսական արտադրության նորագույն C-400 համակարգերի գնման դեմ` նշելով, որ դրանք համատեղելի չեն Հյուսիսատլանտյան դաշինքի զինանոցում գտնվող սպառազինության հետ: Բացի այդ, Վաշինգտոնում և Բրյուսելում լուրջ մտավախություն կա, որ ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից ռուսական նորագույն սպառազինության օգտագործման ընթացքում C-400 համակարգերն, ի վերջո, կկարողանան պայքարել հենց ՆԱՏՕ-ական նորագույն օդուժի` նախևառաջ F-35 ռազմական ինքնաթիռների դեմ, ինչն անուղղակիորեն կարող է նպաստել նաև Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը: