Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի որդին պատրաստակամություն է հայտնում հանդիպել Մարտի 1-ի զոհվածի հոր հետ


Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ.
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը դատարանում, Երևան, 15-ը մայիսի, 2019թ.

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը այսօր «Ազատության» հարցին ի պատասխան պատրաստակամություն հայտնեց հանդիպել Սարգիս Քլոյանի հետ։

Օրեր առաջ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ կցանկանա հանդիպել Լևոն Քոչարյանի հետ։

Հարցին, թե հնարավո՞ր է այսօր հանդիպեն, Լևոն Քոչարյանը պատասխանեց. - «Ես ոչ մեկից չեմ խուսափում՝ հանդիպելուց։ Առաջին հերթին կցավակցեմ, կասեմ, թե ինչի համար եմ ես ինքս ցավում, դեպքերի հետ կապված ու մնացածը»։

«Ռոբերտ Քոչարյանը կապ չունի Մարտի 1-ի տասը սպանությունների հետ»

Լևոն Քոչարյանը այսօր դատարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում շարունակեց պնդել, որ իր հայրը կապ չունի Մարտի 1-ի տասը սպանությունների հետ։

«Տարիներ շարունակ այս մարդկանց վշտի վրա որոշ շրջանակներ դիվիդենտներ են շահել», - ասաց Լևոն Քոչարյանը։

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե, օրինակ, ովքե՞ր են դիվիդենտներ շահողները, Լևոն Քոչարյանը պատասխանեց. - «Օրինակ՝ Ձեր թերթի նախկին գլխավոր խմբագիրը»։

«Ազատության» դիտարկմանը, թե հենց Մարտի 1-ի զոհերի հարազատներ են պնդում, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմակիցներն են մեղավոր, Լևոն Քոչարյանն այսպես արձագանքեց. - «Տասը տարի է՝ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել էս մարդկանց վշտի վրա։ Հիմա ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգի հետ կապված։ Ես շատ ուրախ եմ, որ մենք բոլորս բաց դատավարությամբ լսում ենք, թե ինչ է կատարվում, ու թող բոլորը տեսնեն ու առաջին հերթին զոհերի հարազատները հասկանան՝ ինչո՞ւ պետք է երկրի նախագահն ուզենա, որ մարդ սպանի, դա ուղղակի նոնսենս է, ու դա էդ մարդկանց գլուխն են մտցրել ու դա էնքան են ականջներին նստել ու համոզել... ես ցավում եմ»։

Լևոն Քոչարյանն ասաց, որ առաջին շահագրգիռ անձինք իրենք են, որ «այս ամենը հասնի ու մարդիկ հասկանան, որ մենք այս ամեն ինչի հետ կապ չունենք»։

«Ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստե՞ն»

Երեկ Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր ներկայացրեցին դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Հարցին, թե սա միջամտությո՞ւն է, Լևոն Քոչարյանը պատասխանեց. - «Սա միջամտություն չէ, և այն մարդիկ, ովքեր ուզում են սա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, ես ուղղակի դրանք կեղտոտ խաղեր եմ համարում։ Իսկ ինչի՞ պետք է չանեն, իրենց ընկերն է, իրենց մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստե՞ն»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը։

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG