Մատչելիության հղումներ

ԿԳՆ-ն համակարգային փոփոխություններ է իրականացնում կրթական համակարգում


Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյան
Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյան

Կրթության և գիտության նախարարությունը ծրագրում է 2021-2022 թվականների ուսումնական տարին սկսել ամբողջովին փոփոխված հանրակրթական ծրագրերով ու դասագրքերով:

«Մենք համակարգային փոփոխություններ ենք իրականացնում, սա ժամանակատար է», - ասում է փոխնախարար Արևիկ Անափիոսյանը: Նրա փոխանցմամբ՝ սպասվող փոփոխությունները սկզբում կփորձակեն մեկ մարզում, իսկ կրթական ծրագրերի մշակման և դրանց ներդրման համար անհրաժեշտ ֆինանսները նախարարությունը տարբեր միջոցներով է ձեռք բերելու: Բնագիտական առարկաների չափորոշիչները վերանայվելու և փոփոխվելու են Եվրամիության աջակցությամբ, իսկ մյուսներինը՝ վարկային ծրագրերով։

Նախարարությունն արդեն ոլորտի փորձագետներին ընտրելու գործընթաց է սկսել, որոնք էլ պիտի փոփոխեն չափորոշիչներն ու ծրագրերը:

Ըստ փոխնախարարի, բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է ներկայիս չափորոշիչների թերությունների պատճառով, դրանք գրված չեն հմտություն - կարողություն կապի լեզվով․ - «Գրված են լեզվով, թե ինչ պետք է ուսուցիչը տրամադրի աշակերտին, որ ինքը սովորի: Իսկ երբ որ մենք գրում ենք գիտելիք - հմտություն - կարողունների լեզվով, այսինքն՝ կրթության վերջնարդյունքների, մենք ձևակերպում ենք, թե տարրական դպրոցը ավարտելիս, ընդհանրապես միջնակարգ կրթությունը ավարտելիս շրջանավարտն ինչ պետք է կարողանա անել, ինչ պետք է իմանա»:

Փոխնախարարն օրինակ է բերում մաթեմաթիկա առարկան․ - «Շատ քիչ հատված է տրամադրված, օրինակ, վիճակագրությանը: Գիտենք, որ վիճակագրության իմացությունը այսօր, հաշվի առնելով big data- ի աշխարհը, որ արդեն մենք ապրում ենք այդ աշխարհում, խիստ անհրաժեշտ է, որպեսզի դպրոցի շրջանավարտը կարողանա այդ տվյալների հետ տարրական գործողություններ իրականացնել՝ առանց համապատասխան մասնագիտական կրթություն իրականացնելու»:

«Հանրակրթական չափորոշիչները, որոնք մշակվել են 2004-2006 թվականներին, արդեն հնացել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը․ - «Վերանայումը նախատեսված էր 16-17 թվականներին, բայց ինչ-ինչ պատճառներով անընդհատ հետաձգվեց, եղավ նախարարի փոփոխություն, հետո հեղափոխություն»:

Փորձագետը շեշտում է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը չի նշանակում, թե պետք է նորից հեծանիվ հորինել․ - «Հիմա որոշ առումով պետք է, իմ կարծիքով, ավելի թեմաները պակասեցնել ու խորությունը շատացնել: Այսինքն երեխաները պետք ա քիչ բաների մասին սովորեն, բայց՝ ավելի խորը»:

Դասավանդվող նյութերի նվազեցման կարիք է տեսնում նաև Աիդա Շահվերդյանը, որը նախկինում դասավանդել է, այժմ էլ թոռներին է դպրոց տանում․ - «Բոլոր առարկաներն ունեն դասագրքեր, և երբ երեխայի պայուսակը երբ որ բռնում ես, հաստատ ստանում ես ինչ-որ պրոբլեմ: Այսօր մեր երեխաներից շատերն ունեն այդ պրոբլեմը»:

Փորձառու տատիկը կարծում է, որ դասագրքերը պետք է օր առաջ փոխվեն․ - «Դասագրքերն այսօր էնքան ոչ ընկալելի լեզվով են գրված աշակերտների համար, որ եթե ես ինքս բացեմ դասագիրքը և մենակ դրանով անեմ, հաստատ դժվար կլինի: Պետք է առաջին հերթին հատկապես բնագիտական, հասարակական առարկաները [դասագրքերը] բոլորը փոխվեն»:

Նախկին ուսուցչուհու խոսքով, ներկայիս դասագրքերով սովորելիս երեխաները հիասթափվում են, դասապրոցեսով գրավելու համար նրանց ոգեշնչել է պետք, իսկ դա ամբողջությամբ ուսուցիչների խնդիրը պետք է լինի․ - «Որ ԲՈՒՀ-ից ասես, մտնում են դպրոց աշխատելու: Մենք ընդունում էինք միայն մանկավարժականից, համալսարանից: Պոլիտեխնիկ, կոնսերվատորիա․․․ նրանք չեն անցել մանկավարժական հոգեբանությունը»:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ կրթական ծրագրերի փոփոխությանը զուգահեռ կվերապատրասվեն նաև մանկավարժները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG