Մատչելիության հղումներ

Արևելյան գործընկերության համաժողովին կմասնակցի և ելույթ կունենա Զոհրաբ Մնացականյանը


Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցները, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ․
Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցները, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ․

Բրյուսելում այսօր Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի միջոցառումների երկրորդ օրն է։ Բարձր մակարդակի համաժողովին Հայաստանը ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ակնկալվում է Հայաստանի արգործնախարարի ելույթը։

Բրյուսելում է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ է ունենալու Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն։ Սա, ըստ էության, վերջին անգամն է, որ Պորոշենկոն Կիևը ներկայացնում է Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրություններում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին, սակայն դեռ երդմնակալությամբ նախագահի պաշտոնը չի ստանձնել։

Բրյուսելում են նաև հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բորիս Նավասարդյանը, Հովսեփ Խուրշուդյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելից մեկնել է Չինաստան։ Աշխատանքային երկօրյա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։

Երեկ ուշ երեկոյան վարչապետը մասնակցեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից տրված ճաշին։ Տուսկը ողջունեց Արևելյան գործընկերության վեց անդամ պետությունների ներկայացուցիչներին և ասաց, որ այս 10 տարիների ընթացքում այդ երկրներն ավելի են մոտեցել Եվրոպային, Եվրոպան ավելի է մոտեցել այդ երկրներին։ Նա հիշեցրեց, որ վեց երկրներից երեքը՝ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը և արդեն ունեն ազատ վիզային ռեժիմ Եվրոպական միության հետ։

Փաշինյանը երեկ նաև կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երեկվա միջոցառման ավարտին պատասխանեց «Ազատության» մի քանի հարցերի։

«Հնարավոր չէ լուծել որևէ հակամարտություն` կենտրոնանալով միայն ներգրավված կողմերից մեկի շահերի վրա, որովհետև կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է` չերկխոսել Ղարաբաղի հետ: Ճշմարտությունն այն է, որ այս հակամարտությունը երեք կողմ ունի` Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան: Մենք կարծում ենք, որ շատ կարևոր է ունենալ բանակցային պատշաճ շրջանակ, որ հնարավոր լինի լուծել այս հակամարտությունը», - նշեց Հայաստանի վարչապետը։

«Ազատության» հարցին՝ նորից հանդիպելու ծրագրեր կա՞ն, Հայաստանի վարչապետը պատասխանեց. - «Դեռ պլաններ չկան, բայց վստահ եմ` որ բանակցությունները շարունակվելու են: Շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ, դա շատ կարևոր է: Առանց Լեռնային Ղարաբաղի հնարավոր չէ ունենալ հարցի իրական կարգավորում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG