Մատչելիության հղումներ

Հունիսի վերջին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններ կանցկացվեն


Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյան, արխիվ

Հունիսի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղապահի ընտրություններ կանցկացվեն:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին այցելել է Պատրիարքարան և հանդիպել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու Կրոնական ժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

«Ակօս»-ի փոխանցմամբ՝ նախարար Սոյլուն իր խոսքում ընդգծել է, որ եկեղեցական կանոնադրության համաձայն նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի տեղապահի միջոցով, հետևաբար՝ անհրաժեշտ է տեղապահական ընտրություններ անցկացնել: Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս այս կարծիքին է:

Հայտնի է, որ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ավելի վաղ դեմ էր արտահայտվել տեղապահ ընտրելու նպատակահարմարությանը, ժողովի ժամանակ ընդունել է այս տարբերակը:

Ակնկալվում է, որ տեղապահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին կամ դրան հաջորդող օրերին:

Ապրիլի 29-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Կրոնական ժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում էին կայացրել նոր Պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Այս որոշումը դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, քանի որ եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը, իսկ Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանով արքեպիսկոպոս Աթեշյանի փոխանորդությունը, ըստ էության, այլևս վավեր չի համարվում:

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այս տարվա մարտի 8-ին Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո համայնքի օրակարգի գլխավոր հարցը նոր պատրիարքի ընտրություններն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG