Մատչելիության հղումներ

Վախճանվել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը


Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան
Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյան

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 62 տարեկան հասակում, այսօր կեսօրին վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և ցավակցություն հայտնել Պատրիարքի կորստի կապակցությամբ:

Պոլսի հայ համայնքը սգում է պարտրիարքի մահը: Թուրքիայի խորհրդարանում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր էջում գրել է․ - «Մեսրոպ պարտրիարքը մեր հիշողոթյան մեջ կմնա որպես անմոռանալի հոգևոր առաջնորդ»:

Թուրքական մեջլիսի նախկին հայազգի պատգամավոր Սելինա Դողանը ֆեյսբուքյան իր էջում խորը ցավ է հայտնել Մութաֆյանի մահվան կապակցությամբ՝ նշելով․ - «Ի դեմս պատրիարքի համայնքը կորցրեց խաղաղասեր և իմաստուն առաջնորդի»:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը Թվիթերում գրել է․ - «Թուրքիայի հայ համայնքը վերջին տարիներին հաջորդաբար կորցրեց երկու արժանի մարդու՝ Հրանտ Դինքին և Մեսրոպ Մութաֆյանին»:

2008 թվականից Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։

Մեսրոպ Մութաֆյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 16-ին Ստամբուլում։ Սովորել է Եսայան հայկական նախակրթարանում, ապա ուսումը շարունակել անգլիական վարժարանում։ Հոգևոր կրթություն է ստացել Երուսաղեմում, 1979-ին ձեռնադրվել է քահանա։ 1986-ին եպիսկոպոս է օծվել Ամենայն Հայոց Վազգեն առաջին կաթողիկոսի կողմից։ 1998-ին Գարեգին Խաչատուրյան Պատրիարքի վախճանից հետո զբաղեցրել է տեղապահի պաշտոնը, նույն տարվա հոկտեմբերի 14-ին ընտրվել Պոլսո պատրիարքական աթոռի 84-րդ գահակալ։

2008 թվականից ի վեր Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ծանր հիվանդության հետևանքով առաջացած անգործունյա վիճակը համայնքի օրակարգ էր բերել նոր Պատրիարքի ընտրության հարցը։ Սակայն, ավելի քան 10 տարի այդ խնդիրն այդպես էլ չէր հանգուցալուծվել։

2010-ից Պատրիարքությունը ղեկավարում է Պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Չնայած համայնքից հնչող պահանջներին՝ թուրքական իշխանությունները չէին արտոնում նոր Պատրիարքի ընտրություն անցկացնել՝ այն հիմնավորմամբ, թե Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ էր, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չէր համարվում, հետևաբար՝ ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկային։ Ըստ եկեղեցական կանոնադրության՝ Պատրիարքը պաշտոնավարում է ցմահ, հետևաբար՝ Մութաֆյան Պատրիարքի վախճանը ենթադրում է, որ առաջիկայում տեղի են ունենալու Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG