Մատչելիության հղումներ

Վերելակները նորերով փոխարինելու ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև կառավարության օգնությունը


Մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո վերելակ մտնելիս անվտանգության մասին հաճախ են մտածում, հատկապես՝ սարսափ ֆիլմ հիշեցնող ձայները լսելիս։

«Անընդհատ ձայնը կա մեջը՝ գմփգմփոց, ղրթղրթոց։ Նստում ես վախվխելով», - ասաց շենքի բնակիչներից Ժենյա Խալաթյանը։

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող այս վերելակի ճոպաններից մեկն էր պոկվել, ու այն սովորականից արագ երկրորդ հարկից առաջին հարկ էր իջել։ Այդ ընթացքում վերելակում 4 բնակիչ կար. Ժենյա Խալաթյանը նրանցից մեկն է։ Չի տուժել մյուսների պես, սակայն հիմա տագնապով է վերելակ մտնում։

«Վախ կա իմ մեջ՝ իջնելուց էլ, բարձրանալուց էլ», - նշեց Խալաթյանը։

Բնակիչները ցանկանում են, որ վերելակը կամ լավ նորոգվի, կամ էլ նորով փոխարինվի։ 80-ականներից շահագործվող վերելակն այլևս անվտանգ չէ, դրա շահագործման ժամկետը վաղուց է անցել։

Նույն վիճակում են նաև Երևանում գործող վերելակների մեծ մասը։ Դրանց տարիքն անցնում է քառորդ դարը։ Քաղաքապետարանում ասում են՝ վերելակները նորերով փոխարինելու տարբերակ կա, գումար չկա։

Այսօր հրավիրած ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ գրանցված 4 հազար 666 վերելակից միայն 3 հազար 600-ը նորով փոխարինելու համար, նախնական հաշվարկով, շուրջ 31 միլիարդ դրամ է պետք․ - «Երևանի ամբողջ սեփական մուտքերի ծավալը կազմում է 2019 թվականի համար 31 միլիարդ: Դա նշանակում է, որ եթե քաղաքը ինքնուրույն և ամբողջությամբ այս ծրագիրն իրականացնի, ապա անհրաժեշտ կլինի քաղաքում որևէ այլ ծրագիր, բյուջետային ծախսեր չիրականացնել մեկ ամբողջ տարի, որպեսզի կարողանանք էս ծախսերը փոխհատուցել»:

Քաղաքապետարանում ծրագիր են մշակում. այն իրականացնելու համար քաղաքային իշխանություններից բացի, կառավարության օգնությունը պետք կգա, վարկային այլ միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն ևս կլինի։ Բնակիչներն էլ պարտավորված կլինեն նոր վերելակի համար գումար վճարել՝ մինչև 25 տարի։

«Այսօրվա պարագայում միջին վիճակագրական վճարը ամսական մեկ բնակարանի, որը նաև գեներացվում է բնակարանի առկա բնակիչների թվով, կազմում է 1620 դրամին մոտ գումար։ Այդ գումարը կարող է ավելանալ մինչև 30 տոկոս։ Սրանք նախնական հաշվարկներ են», - ասաց փոխքաղաքապետը։

«Պատրաստակամ եմ, իհարկե, պետք է համատեղ ջանքերով այդ խնդիրը լուծվի», - նշեց բնակիչներից մեկը։

Բնակիչները դեմ չեն քաղաքապետարանի առաջարկած տարբերակին։ Պատրաստ են վճարել նոր վերելակ ունենալու համար, իսկ թե որքան՝ ամեն մեկն իր հաշվարկն ունի։

Հիմա Երևանի բնակիչները համատիրությանը վերելակի սպասարկման համար ամսական գումար են վճարում։ Տարբեր վարչական շրջաններում սպասարկման վարձը տարբեր է, խնդիրը նույնն է. ամեն նորոգումից հետո՝ միևնույն է վերելակն անվտանգ չէ։

Միայն վերջին 6 տարիներին վերելակների վթարի հետևանքով, ըստ քաղաքապետարանի, 6 մարդ է մահացել, 5-ն էլ տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։

Քաղաքապետարանից ասում են, թե պատրաստվում են սեփական միջոցներով փոխարինել միայն Արտակարգ իրավիճակների նախարարությունից բացասական եզրակացություն ստացած վերելակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG