Մատչելիության հղումներ

«Մահվան վերելակները» նորով փոխարինելու ծրագիր է մշակվում


Վերելակ երևանյան բազմահարկ շենքում, արխիվ

«Մահվան վերելակները» նորով կփոխարինվեն, իսկ թե ե՞րբ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ժամկետ չի նշում։ Ասում է՝ այս խնդիրը լուծելու համար արդեն ծրագիր են մշակում։ Վստահեցնում է՝ ծրագիրը պատրաստ կլինի մոտակա ամիսներին։

«Մեծ, բավականին շատ դժվար աշխատանք է սա։ Նախ՝ պետք է գույքագրել, ինչ խնդիր ունենք՝ տարբեր վերելակներ կան, տարբեր շախտաներ կան, պետք է հասկանալ՝ որ շախտայում ինչ տիպի վերելակներ պիտի լինի: Նաև բանակցում ենք արտադրողների հետ, որովհետև գնման պրոցեսը նույնպես պետք է շատ լավ հաշվարկել», - նշեց Մարությանը։

Նախնական հաշվարկ ունեն՝ մայրաքաղաքի վերելակային տնեսությունը թարմացնելու համար տասնյակ միլիոնավոր դոլարների ֆինանսներ են անհրաժեշտ: Քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող դա անել, կառավարության օժանդակությունն էլ է պետք։

«Մեր հարցն է՝ մենք կփոխենք վերելակները, և բնակիչները տարիների ընթացքում այդ վերելակի գումարը կվճարեն, քանի որ այդ վերելակն իրենցն է լինելու», - ընդգծեց Մարությանը։

«Ակնհայտ է, որ քաղաքի վրա, բնակիչների վրա այդ բեռը թողնելը արդարացված չի լինելու առնվազն այն տեսանկյունից, որ եթե դա հնարավոր լիներ իրականացնել՝ հենա մարդիկ կվճարեին համատիրություններին փոխարինումը կիրականացվեր։ Սա պետք է լինի երկարաժամկետ ծրագիր», - ասաց Երևանի ավագանու ընդդիամդիր «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Տարիներով չլուծվող խնդրի համար քաղաքային իշխանություններն առարկայական ծրագիր չունեն, համոզված է Խաժակյանը։ Նրա խոսքով՝ եթե նման ծրագիր լիներ, ապա այն արդեն պետք է հրապարակվեր։

«Ես համոզված եմ, եթե հարցում ուղարկեք քաղաքապետարանին, թե ի՞նչ ընթացքում է այս գործընթացը, ի՞նչ նախնական տարբերակներ են քննարկվում, որևէ նոր բան, քան այն, ինչ ասում էին 6 ամիս առաջ՝ պաշտոնական մեկնարկին, որևէ նոր բան չի լինի», - նշեց «Լույս» խմբակցության ղեկավարը։

Խաժակյանն ասում է՝ մինչ ծրագրեր կազմելը, ֆինանսական միջոցներ փնտրելը, նախ պետք է որոշել, թե ինչպե՞ս են կառավարվելու, սպասարկվելու վերելակները։

«Մենք կարծում ենք, որ պետք է այստեղ ևս ներդրվի շահագործող օպերատորի ինստիտուտը, որը Երևանի պարագայում կարող է լինել մեկ կամ մեկից ավելին, բայց հստակ է, որ պետք է շահագործումը տեղի ունենա հստակ տվյալ օպերատորին վճարումների միջոցով», - ասաց Խաժակյանը։

Երևանում 4 հազար 666 գրանցված վերելակ կա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունց հայտնում են՝ այս տարի արդեն 1117-ը փորձաքննվել է. 31 վերելակ բացասական եզարկացություն է ստացել։

Երեկ, ի դեպ, Աջափնյակ վարչական շրջանում բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի չորս թոկերից մեկն էր պոկվել․ վերելակը երկրորդ հարկից իջել էր առաջին հարկ։ Վերելակում 4 մարդ է եղել, նրանք վնասվածքներ չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG