Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկել են Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումները


ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցները, Բրյուսել, 13-ը մայիսի, 2019թ․

Բրյուսելում առավոտից մեկնարկել են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի հանդիսավոր միջոցառումները:

Քիչ առաջ ավարտվեց արտգործնախարարների մակարդակով հավաքը: Այն վարում էր Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, այստեղ էին նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպումն ավարտվեց համատեղ լուսանկարով, ձեռքսեղմումով:

Օրվա երկրորդ կեսին էլ Եվրամիության մայրաքաղաք է ժամանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ընթրիքի է հրավիրել Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին:

Այս պահին վարչապետը Բելգիայի հարևան Լյուքսեմբուրգում է պաշտոնական հանդիպումներ անցկացնում, ապա կուղևորվի Բրյուսել:

Բրյուսել է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա հետ Հայաստանի ղեկավարի բանակցություններ, սակայն, նախատեսված չեն: Օրերս իր երևանյան ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց միայն կարճ շփումը Ադրբեջանի ղեկավարի հետ:

Ի դեպ, Ադրբեջանն այստեղ պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ համագործակցության փաստաթուղթ, դրա բովանդակությունը դեռ չի հրապարակվում:

Հայաստանը 2017 թվականին է ստորագրել Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն վավերացրել են ԵՄ մի շարք երկրներ: Ավելի վաղ Երևանը Սերժ Սարգսյանի օրոք հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից՝ վերջին պահին նախընտրելով Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցում են հետխորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ևս այսօրվա ընթրիքի հրավեր էր ուղարկվել, Եվրամիության հասցեին քննադատություն հնչեց: Եվրոպայի վերջին բռնապետ համարվող Լուկաշենկոն, սակայն, չի ժամանելու այսօր Բրյուսել:

Ուկրաինան վերջին անգամ Եվրամիության մայրաքաղաքում կներկայացնի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ակնկալվում է, որ վեց պետությունները և Եվրամիությունն այսօր համատեղ հայտարարություն կընդունեն, որում կվերահաստատեն իրենց հանձնառությունը՝ խորացնելու հավակնոտ գործընկերային հարաբերությունները, կառուցելու բարեկեցիկ, կայուն, ժողովրդավարական տարածաշրջան՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի և պարտավորությունների վրա: Փաստաթուղթը կարձանագրի, որ 10 տարվա ձեռքբերումները, այդ թվում՝ տնտեսական ինտեգրացիան, առևտրի աճը, ամրապնդված քաղաքական ասոցիացումը ոգեշնչում են հետագա առաջընթացի համար, կողմերը վճռական են բարեփոխումների հարցում:

Բրյուսելից՝ հենց ընթրիքից հետո վարչապետը մեկնելու է Պեկին։ Սա որպես Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Չինաստան, նախատեսված են բանակցություններ նախագահ Սի Ծինփինի հետ:

Իսկ Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումները կշարունակվեն տոնական մեծ համերգով, վաղն էլ այստեղ անցկացվելու է խորհրդաժողով նաև Հայաստանից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Ակնկալվում է Զոհրաբ Մնացականյանի ելույթը, այստեղ են նաև հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչներ:

Տարիներ առաջ Ուկրաինան հրաժարվել էր ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչը երկրում հեղափոխության պատճառ դարձավ, Եվրամայդանի արդյունքում իշխանության եկած Պորոշենկոն ի վերջո ստորագրեց այս փաստաթուղթը, բայց հիմա Ուկրաինան խիստ լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են նաև Մոլդովան և Վրաստանը։ Վրացիներն, ուկրաինացիներն ու մոլդովացիներն արդեն օգտվում են առանց վիզայի ռեժիմից:

Պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունները կմեկնարկեն այս տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG