Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում երեկ՝ մայիսի 9-ին, Հաղթանակի տոնի կապակցությամբ, բացվել է Սովետական Միության ղեկավար Իոսիֆ Ստալինի կիսանդրին:
Հուշարձանը տեղադրված է Ռուսաստանի կոմկուսի Նովոսիբիրսկի մարզային գրասենյակի բակում: Հավաքվել էր մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ քաղաքապետ Անատոլի Լոկոտը, ով կոմունիստ է:
Կոմունիստ քաղաքապետի խոսքով՝ «Սովետական Միության ժողովուրդը հենց Ստալինի ղեկավարության ներքո է կարողացել հաղթել պատերազմում և վերականգնել երկրի տնտեսությունը այդ աղետալի պատերազմից հետո»: «Նրա ավանդը հսկայական է, և մենք թույլ չենք տա ինչ-որ լիբերալների կեղծել մեր պատմությունը», - երեկ հայտարարել է Նովոսիբիրսկի քաղաքապետը:
Հիշեցնենք, ապրիլին «Լևադա կենտրոն»-ը հարցում էր անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ Ստալինի քաղաքականությունը դրական են գնահատել ռուսաստանցիների շուրջ 70 տոկոսը: Դա ռեկորդային ցուցանիշ է՝ այսքան բարձր Ստալինի վարկանիշը չէր եղել Ռուսաստանում 2000 թվականից ի վեր, երբ սկսել են նման հարցումներ անցկացնել:
Ռուսաստանցիների միայն 20 տոկոսն է ասել, որ վատ է վերաբերվում Ստալինին, իսկ 46 տոկոսը համարում է, որ ստալինյան բռնաճնշումներն արդարացված էին և անհրաժեշտ էին մեծ արդյունքների հասնելու համար:
«Լևադա կենտրոն»-ը փաստում է, որ տարեցտարի Ստալինի նկատմամբ համակրանքը Ռուսաստանում մեծանում է: Մինչև 2011 թվականը, օրինակ, Ստալինի քաղաքականությունը, որին զոհ էին դարձել միլիոնավոր մարդիկ Սովետական Միությունում, արդարացնում էր հարցվածների միայն 30 տոկոսը կամ ավելի քիչ: Վերջին տարիներին, մինչդեռ, Ստալինի նկատմամբ վերաբերմունքը երկրում զգալիորեն փոխվել է: Նույնիսկ ֆիլմերում ռուսաստանցի ռեժիսորներն այլևս չեն համեմատում նրան Ադոլֆ Հիտլերի հետ, և նա հաճախ ներկայացվում է որպես դրական հերոս:
Այս ֆոնին, Ռուսաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել հայտնի լրագրող Յուրի Դուդի «Կոլիմա` մեր վախի հայրենիք» ֆիլմը ստալինյան ճամբարների մասին, որը համացանցում մի քանի շաբաթում արդեն 12 միլիոն մարդ է դիտել: