Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Ստալինի հերթական կիսանդրին են բացում


Ռուսաստան - Ստալինի կիսանդրին Նովոսիբիրսկում, արխիվ
Ռուսաստան - Ստալինի կիսանդրին Նովոսիբիրսկում, արխիվ

Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ Նովոսիբիրսկում, այսօր կբացվի խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի հերթական կիսանդրին: Ըստ նախաձեռնող խմբի, միջոցառումը տեղի կունենա հանդիսավոր պայմաններում՝ պաշտոնյաների, ծաղիկների ու իրենց իսկ խոսքով՝ «մեծն առաջնորդին» նվիրված ելույթների ուղեկցությամբ:

Ընդհանուր առմամբ, անցած տասը տարիների ընթացքում Ռուսաստանի մեծուփոքր քաղաքներում հարյուրից ավելի հուշարձան է տեղադրվել Ստալինի պատվին, ում օրոք Խորհրդային Միությունում, այդ թվում՝ Հայաստանում, հարյուր հազարավոր անմեղ մարդիկ աքսորվել, գնդակահարվել ու բանտարկվել են:

Նովոսիբիրսկից քիչ հեռու գտնվող Սլավյանկա գյուղաքաղաքում է՛լ ավելի հեռուն են գնացել՝ բնակավայրի բոլոր 25 նրբանցքները այժմ կրում են ժամանակին ժողովուրդների հայր հռչակված Ստալինի անունը: Բնակիչներից շատերին դա ամենևին չի զարմացնում:

Սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են՝ ստալինյան տեռորից, գուլագից ու քաղաքական բռնաճնշումներից 80 տարի անց ռուսաստանցիների գերակշռող մասը՝ 70 տոկոսը կարծում է, որ նա դրական դեր է ունեցել երկրի համար: Այս տարի առաջնորդի մահվան օրը՝ մարտի 5-ին, Մոսկվայի կենտրոնական հրապարակում տեղադրված նրա հուշարձանը ծածկվել էր թարմ ծաղիկներով, տասնյակ մարդիկ խոնարհվում էին, ընդդիմախոսները՝ բերման ենթարկվում:

Ցուցարարներից մեկն էլ Եվգենի Սուչկովն էր, ով մի քանի ժամ ստիպված էր անցկացնել ոստիկանությունում՝ Ստալինի կիսանդրու առջև նրա մասին իր կարծիքը բարձրաձայնելու համար: «Նա դահիճ է, բռնակալ, հանցագործ, և այսօր Կարմիր հրապարակում ծափ էին տալիս սատանային, իսկ երբ դու տեսնում ես չարը և որևէ կերպ չես արձագանքում, դառնում ես հանցակից», - հայտարարել էր Սուչկովը:

1953 թվականից՝ Ստալինի մահվանից հետո, նրա հետնորդը՝ Նիկիտա Խրուշչովը փորձեց վերջ դնել անհատի պաշտամունքին, այսպես ասած «խրուշչովյան հալոցքի» տասը տարիների ընթացքում ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև պաշտոնյաներն էին հրապարակավ քննադատում ստալինյան տարիների դաժան բռնություններն ու ճնշումները մարդկանց նկատմամբ:

Ռուսաստանի ներկայիս իշխանությունը, սակայն, խուսափում է հստակ գնահատականներից:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, օրինակ, անդրադառնալով Նովոսիբիրսկում Ստալինի կիսանդրին տեղադրելու նախաձեռությանը, երեկ ասել է՝ «հուշարձանի բացման որոշումը վերապահված է տեղական իշխանություններին»: «Ինչ վերաբերում է նախագահ Պուտինին, ապա նա շատ լավ գիտի Ռուսաստանի պատմությունը, գիտի այն ամենայն մանրամասնությամբ, և կարծում եմ՝ չի կարելի հերքել, որ Ստալինը մեր երկրի պատմության մի մասն է», - ասել է Պեսկովը, հավելելով․ - «Մնացյալից՝ լավից ու վատից ես կուզեի վերացարկվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG