Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահին Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, գրել է․ - «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ:
Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած մեր հայրերի և պապերի սխրանքները հավերժ կմնան մեր ժողովուրդների հերոսական պատմության մեջ՝ որպես արիության և կայունության օրինակ ներկա ու ապագա սերունդների համար։
Համոզված եմ, որ պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը և արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համար»:
Դմիտրի Մեդվեդևին Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ:
Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջև, որոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց:
Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած հայրենասիրությունը, անձնազոհությունը և պարտքի զգացումն այն արժեքներն են, որոնք առ այսօր միավորում են մեզ՝ ամուր հիմք ստեղծելով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության համար»:
Հայաստանի վարչապետն իր ուղերձներում խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում է մաղթում Ռուսաստանի բարեկամ ժողովրդին: