Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին նախագիծը


Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովն այսօր ձայների 79 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նախքան քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու։

«Բարգավաճ Հայաստան»-ը դեմ կքվեարկի, կմնա իր սկզբունքային դիրքորոշման դիրքերում, որովհետև այս կառուցվածքն այս ձևով չի տալիս այն պատասխանները, որ հեղափոխությունից հետո մեր երկրում պետք է տնտեսական հեղափոխություն իրականացնի և ընդհանրապես պետք է ժողովրդի վիճակը, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը նորմալացնի։ Մենք դեմ ենք քվեարկելու», - ասաց Մելքումյանը։

Հայտարարելով, որ Կառավարության այս կառուցվածքը երկար կյանք չի ունենալու, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս տեղեկացրեց, որ դեմ է քվեարկելու նախագծին։

«Իշխանությունները մերժեցին մեր ներկայացրած ամբողջ փաթեթը, այս քննարկումները որևէ պտուղ չտվեցին, որովհետև նախագիծն այնպես, ինչպես կար, այդպես ընդունվում է։ Ես ուզում եմ Հայաստանի քաղաքացիներին տեղեկացնել, որ այս ամառվա ընթացքում մեծ կրճատումներ են սպասվում այս կառուցվածքի ընդունման արդյունքում, և այդ կրճատումները չեն լինելու արդար, կամ ուռճացված հաստիքների կրճատում։ «Լուսավոր Հայաստան»-ը դեմ է քվեարկելու, և վստահ ենք, որ այս կառուցվածքը երկար կյանք չի ունենալու», - ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ վստահության քվեն տալիս է Կառավարությանն՝ այս փոփոխությամբ իրականացնելու արդյունավետ կառավարում։

«Կառավարությունն իհարկե փաթեթային առաջարկներ չի ընդունել, բայց Կառավարությունը մեր գործընկերների կողմից առանձին առաջարկները դիտարկել է, և դրանք տեղ ենք գտել փոփոխված տարբերակում։ Ցանկանում եմ նաև նշել, որ արդեն հայտարարվել է այն մասին, թե որքան մարդ է հայտնվելու կադրային ռեզերվում, և նրանց թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը։ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու և տալիս է վստահության քվեն Կառավարությանն՝ այս փոփոխությամբ իրականացնելու արդյունավետ կառավարում», - ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նշենք, որ այս փոփոխությունով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել էր ապրիլի 18-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG