Մատչելիության հղումներ

Ջորջ Քենթ․ Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ռազմական տեխնիկա գնելու թեմայով զարգացումներ չկան


«Ջոն Բոլթոնի այցից հետո Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներից ռազմական տեխնիկա գնելու թեմայի վերաբերյալ զարգացումներ չկան», - այսօր Երևանում հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։

Հոկտեմբերին Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն հայտարարել էր, որ եթե Հայաստանը պետք է ընտրություն կատարի ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, ապա ԱՄՆ-ն կնախընտրեր, որ Հայաստանը գներ ամերիկյան ռազմական տեխնիկա։

«ԱՄՆ-ն ցանկանում է դիտարկել այդ հնարավորությունը», - ամիսներ առաջ հայտարարել էր Բոլթոնը:

Այս կապակցությամբ Ջորջ Քենթն այսօր ասաց․ - «Այդ հարցի վերաբերյալ զարգացումներ չկան, որոնց մասին կարող եմ հայտնել»:

Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին զենքի վաճառքի հետ կապված հարցը կրկնվեց, Ջորջ Քենթը ավելացնելու ոչինչ չուներ․ - «Դուք լսել եք, թե ինչ է ասել դեսպան Բոլթոնը, երբ հոկտեմբերին այցելել էր Հայաստան: Ինչպես արդեն նշեցի, նորություններ չկան նրա հրապարակային բարձրաձայնած հնարավորություն մասին»։

Խոսելով տարածաշրջանի անվտանգության մասին՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ընդգծեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ բոլոր երկրները խաղաղ գոյակցեն հարևանների հետ․ - «Այդ պատճառով էլ մենք Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք, աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու ուղղությամբ։ Մենք մասնակցում ենք նաև Ժնևի միջազգային քննարկումներին, որը փորձում է լուծում գտնել Վրաստանի օկուպացված տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցի վերաբերյալ»:

Ջորջ Քենթն ավելացրեց, որ տարածաշրջանի անվտանգության մասին խոսելիս չի կարող չանդրադառնալ Իրանին և Սիրիային. ֊ «Դժբախտաբար Իրանն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում՝ սատարելով Համասին Գազայի հատվածում, որը հրթիռակոծում է Իսրայելը՝ ստանալով հակահարված»։

Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում մասնակցում էր Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստին, որի օրակարգը, Քենթի խոսքով, հագեցած էր․ անդրադարձել են համագործակցության բազմաթիվ ոլորտների՝ Հայաստանի գյուղերում անգլերենի ուսուցման խորացումից մինչև անգամ շրջակա միջավայրի պահպանության հարցերի։

Օրվա վերջում, Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի փոխանցմամբ, կողմերը ստորագրել են երկխոսության նոր մակադակի վերաբերյալ փաստաթուղթ․ - «Արդյունքներով ստորագրվեց այս պայմանագիրը, որը արձանագրեց երկխոսության այն մակարդակը, որը այսօր մենք արձանագրեցինք ամբողջ օրվա աշխատանքի ընթացքում»:

Երեկ Ջորջ Քենթը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

Վերջինս այսօր «Ազատության» հարցին ի պատասխան նշել էր, որ Քենթի հետ հանդիպմանը Հայաստան - ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ «որոշակի քննարկումներեղել են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG