Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը կոչ է անում կանխել «Ռոսնեֆտ»-ի մենաշնորհային դիրքը երկրի էներգետիկ շուկայում


«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար անդամ Դավիթ Բաքրաձե, արխիվ
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար անդամ Դավիթ Բաքրաձե, արխիվ

Վրացական ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը կոչ են անում երկրի կառավարությանը անել ամեն ինչ ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մենաշնորհային դիրքը երկրի էներգետիկ շուկայում կանխելու համար:

Այս մտավախությունները Թբիլիսիում ծագեցին շաբաթասկզբին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը` «Վիսօյլ»-ը իր բաժնեմասի վերահսկիչ փաթեթը կարող է վաճառել «Ռոնսեֆտ»-ի դուստր ձեռնարկությանը` օֆշորային գոտիներից մեկում գրանցված «Պետրոկաս»-ին: Ռուսաստանյան պետական ամենախոշոր էներգետիկ ընկերություն հանդիսացող «Ռոսնեֆտ»-ի հետ ուղղակի կապ ունեցող «Պետրոկաս»-ը վրացական շուկա մուտք գործեց 2014 թվականին: Հինգ տարի առաջ այս ընկերությունը գործարար Դավիթ Յակոբաշվիլիից 140 միլիոն դոլարով գնեց Փոթիի նավթային տերմինալը և Վրաստանում գործող բենզալցակայանների մեծությամբ երկրորդ ցանցը` Gulf-ը:

Եթե «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունը «Վիսօյլ»-ի հետ գործարքը ավարտին հասցնի, ապա կվերահսկի բենզինի ներկրման վրացական շուկայի գրեթե 40 տոկոսը, ինչպես նաև բենզալցակայանների իր ցանցին 180 նորերը կավելացնի:

«Խնդիրը ոչ թե ներդրումներն են, այլ այն մենաշնորհային դիրքը, որ կարող է զբաղեցնել ռուսական ընկերությունը: Վրացական շուկայում այսօր գործում են ռուսական այնպիսի ընկերություններ, ինչպիսին են Lukoil-ը և Gulf-ը: Եթե դրանց ավելանա նաև Կրեմլի ամենասիրելի ընկերություններից մեկը` «Ռոսնեֆտ»-ը, ապա ռուսական ընկերությունները կարող են մենաշնորհային դիրք գրավել: Այդ դեպքում Ռուսաստանի իշխանությունները մեր երկրի հանդեպ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական լծակներ ձեռք կբերեն», - հայտարարում էր ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավարներից Դավիթ Բաքրաձեն` հիշեցնելով, որ «Ռոսնեֆտ»-ը խախտել է վրացական օրենսդրությունը` գործունեություն ծավալելով նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:

Փորձագիտական շրջանակների համոզմամբ՝ ռուսական ընկերությունների ակտիվությունը և մենաշնորհային միջավայր ստեղծելու դրանց փորձերը նախևառաջ կառավարության ձախողված քաղաքականության մասին են վկայում:

«Վրաստանի կառավարության գործողությունները համարժեք չեն: Երկրում մրցակցային տնտեսական միջավայր ստեղծելու փոխարեն, գործադիր իշխանությունը նախադեպը չունեցող անհաշտ քաղաքականություն է որդեգրել, որը բազմաթիվ պոտենցիալ ներդրողների հետ է պահում վրացական շուկա մուտք գործելու մտքից», - նշում է տնտեսագետ Գիգա Բեդինեիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG