Մատչելիության հղումներ

Քոչարյանին ազատ արձակելու դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»


Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյան և Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել են Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Նամակում մասնավորապես ասված է․ «Մենք պատրաստ ենք հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար»։

Ղարաբաղի գործող և նախկին նախագահները դիմումում հույս են հայտնում, որ Հայաստանի գլխավոր դատախազն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

«Ազատության» հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ այս նամակը չի կարող Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածության պատճառ դառնալ:

«Այդ քայլը ուղղված չի Նիկոլ Փաշինյանի դեմ, կամ անձնական որևէ հարց չկա։ Բակո Սահակյանը լավ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, և սա, ես կարծում եմ, կարևոր է առհասարակ բոլոր ղեկավարների համար։ Հայաստանի և Արցախի ղեկավարները չեն կարող ունենալ վատ հարաբերություններ», - նշեց Բավիթ Բաբայանը։

Դատախազությունը պատասխան հայտարարությամբ ասում է՝ դիմումի քննումն իրենց լիազորություններից դուրս է, քանի որ գործն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է և դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, առաջիկա դատական նիստին, երբ խափանման միջոցի փոփոխության հարց քննարկեն, իրենք խնդրելու են հաշվի առնել Ղարաբաղից ստացված այս երաշխավորությունները։

«Դատարանին ենք խնդրելու հաշվի առել, որովհետև դատարանն է որոշում կայացնողը, բայց դատախազությունը իր դիրքորոշումը ներկայացնելու է կամ առարկության, կամ համաձայնության տեսքով։ Այսինքն, ամեն դեպքում, այս հարցին իրենք պետք է անդրադառնան, եթե ոչ այսօր, ապա մի քանի օրից», - նշեց Խուդոյանը։

Ակնհայտ է, սակայն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռատոնի միջոցառումներին մասնակցել այդպես էլ չի կարողանա: Վերջինս, սակայն, նախորդ տարիներին ևս աչքի չի ընկել պաշտոնական այդ միջոցառումներին մասնակցելու ակտիվությամբ: Որպես կանոն երկորդ նախագահի գրասենյակից պարզաբանում էին, որ չմասնակցելու պատճառը երկրից բացակայելն է:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Արցախից եկած այս հայտարարության մեջ քաղաքական ուղերձ տեսնել չի ցանկանում միայն իրավական դաշտում է գնահատում։ Ասում է, թե Արցախը երբեք իրեն թույլ չի տվել խառնվել Հայաստանի ներքին գործերին:

«Թեման Մարտի 1-ն է և Մարտի 1-ի ամբողջ գործընթացը մեր հասարակությանը հուզող, ամենակարևոր թեմաներից մեկն է, որը պարտադիր պետք է բացահայտվի և բոլոր մեղավորները պետք է պատժվեն անկախ նրանց նախկինում ունեցած ծառայությունների, թե զբաղեցրած դիրքի, որոհետև, էլի եմ ասում՝ ճանապարհը իրավական է, իսկ իրավական դաշտում արդեն դատական պրոցես է սկսում Հայաստանում և այդ դատական պրոցեսի շրջանակում է, որ պետք է իրավական որոշումներ կայացվեն», - ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Դատախազին դիմել են խնդրանքով և հանդես են եկել որպես միջնորդ, հիմա, իհարկե, եթե այդպես շարունակվի, բնականաբար, հարց էր առաջանում, թե երբ որ Հայաստանում քաղաքական գործընթացներ էին տեղի ունենում տարիներ առաջ, եթե մենք բոլորս հասկանայինք, որ դրա մեջ հակաիրավական գործողությունները ինչպիսի հետևանք կունենան, գուցե ամեն մեկը իր չափով պետք է կանխեր այդ գործողությունները, որի արդյունքում ունեցանք Մարտի 1։ Մարտի 1-ի խնդիրը լուծվում է դատարանում, խափանման միջոցի փոփոխությունը մարդասիրական քայլ է, բայց ամենակարևորը արդար դատավարություն ապահովելը պետք է լինի և անհերքելի փաստերի առկայության պայմաններում, ըստ էության, մեղավորները պետք է պատժվեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG