Մատչելիության հղումներ

«Տեղեկացրել էինք ԲՀԿ-ին, որ հետևողական ենք լինելու, որպեսզի բիզնեսը ներկայացված չլինի ԱԺ-ում». ՔՈ անդամ


«Քաղաքացու որոշում»-ը (ՔՈ) «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը հոլովելով նոր շունչ է տալիս այն օրակարգերին, որոնք հնչել են թավշյա հեղափոխության իրադարձությունների ժամանակ, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանն՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե ՔՈ-ն, որը 0,6 տոկոսանոց ուժ է, օգտագործում է Ծառուկյանի հեղինակությունը սեփական հեղինակություն ձեռք բերելու համար։

Նահապետյանն ընդգծեց՝ տարբեր խողովակներով տեղեկացրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որ էսպիսի օր գալու է, իրենք հետևողական են լինելու, որ բիզնեսը ներկայացված չլինի Ազգային ժողովում։

«Ազատություն». - Ի՞նչ են ասում ԲՀԿ-ականները ձեզ՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը, որ Ծառուկյանի մասին խոսելով՝ ձեզ եք օրակարգ բերում, որովհետև մարդիկ մոռացել էին ձեր գոյության մասին, 8 հազար 500 քվե ողջ հանրապետությունում ստացած 0,6 տոկոսանոց ուժ եք։ Այսինքն՝ դուք Ծառուկյանի հեղինակությունն օգտագործում եք, որ ինքներդ հեղինակություն ձեռք բերեք։

Նահապետյան. - Մենք պարոն Ծառուկյանի անունը հոլովելով նոր շունչ ենք տալիս այն օրակարգերին, որոնք հնչել են ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ՝ թավշյա հեղափոխության իրադարձությունների ժամանակ։

«Ազատություն». - Իրենց ասածը սա է՝ դուք չէ, որ դա պետք է անեք, որովհետև ընդամենը 0,6 տոկոսի վստահություն եք ստացել մի քանի ամիս առաջ։

Նահապետյան. - Շատ լավ, մենք առաջարկել ենք իրենք դա անեն։ Նամակներն ուղարկել ենք, հրապարակային հայտարարություններով հանդես ենք եկել։ Գիտեք, ազնիվ չի պատմության կեսը պատմելը։ Ախր պարոն Ծառուկյանի քաղաքական ուժին, «Ծառուկյան դաշինք» խմբակցությանն այն ժամանակ, 2018 թվականի մայիսից ի վեր մենք տարբեր խողովակներով տեղեկացրել ենք, որ էսպիսի օր, էսպիսի գործընթաց գալու է, որ մենք հետևողական ենք լինելու, որ բիզնեսը ներկայացված չլինի։ Մենք հանդիպում ենք ունեցել իրենց խմբակցության պատգամավորների հետ, էդ թվում՝ բոցաշունչ ելույթներ ունեցող ինչ-ինչ մարդկանց հետ, էն մարդկանց հետ, ովքեր հիմա էստեղ-էնտեղ էդ հանդիպումն այլ կերպ են փորձում մեկնաբանել, այլ երանգներ են դրան տալիս, այդ մարդկանց հետ, իրենց խմբակցության որոշ պատգամավորների հետ հանդիպում ենք ունեցել և ներկայացրել ենք, առաջարկել ենք մի թղթի վրա գրեն բիզնեսի պաշտպանության և երաշխիքների այն ամբողջությունը, որի դեպքում, ըստ իրենց, քաղաքականության մեջ բիզնեսմենը ցանկություն չի ունենա մասնակցելու։ Իրենք չեն բռնել մեկնված համագործակցության ձեռքը, կարկանդակների քաղաքականությունը շարունակվել է մինչև արտահերթ ընտրություններ, բա էլ ինչի՞ էին սպասում, ինչի էս մարդիկ մտածում են, որ մենք կատակ էի՞նք անում, երբ որ հեղափոխության օրակարգերի տակ մեր ստորագրությունն էինք դնում, երբ որ դուրս էինք գալիս փողոց, մեր կյանքն ու ազատությունն էինք կասկածի տակ դնում, իրենց թվացել է, թե սա կատա՞կ է, մի քիչ կմրմռա ու կանցնի՞։

«Ազատություն». - Հիմա մյուսը՝ որ գուցե ԲՀԿ-ականներն ուղիղ չեն ասել, բայց հատկապես սոցիալական ցանցերում հնչել է, որ նախորդ իշխանությունները Ծառուկյանին փորձում էին հեռացնել ուժով, կոշտ միջոցներով՝ սպառնալիքներ, քրեական, հարկային հետապնդում, ընդհուպ՝ անձնական վիրավորանքներ և այլն, այս իշխանությունն էլ այս ճանապարհն է ընտրել՝ խորհրդարանի ամբիոնից ելույթներ և նաև ձեզ է օգտագործում, այսինքն՝ առնվազն լուռ համաձայնություն կա ձեր և «Իմ քայլի»՝ Նիկոլ Փաշինյանի միջև, կամ, եթե ոչ՝ նախապես պայմանավորվածություն։

Նահապետյան. - Մեր ու «Իմ քայլը» դաշինքի մեջ այն, ինչ գոյություն ունի, դա հայտարարվել է հեղափոխության հարթակից։ Պարոն Արարատ Միրզոյանը, պարոն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ նոր Հայաստանում բիզնեսմենները շահագրգռված չեն լինելու մասնակցել պետական կյանքին, որ էդ մարդկանց տրվելու է բիզնեսի պաշտպանության երաշխիքներ, և նրանք վախեր չեն ունենալու և իրենց սեփականությունը պաշտպանելու համար ստիպված չեն լինելու գալ Ազգային ժողով։ Էդ հայտարարություններին ի պատասխան՝ իմ նշած բիզնեսի ներկայացուցիչներից, օրինակ, Միքայել և Կարեն Վարդանյանները հայտարարություն են տարածել այն մասին, որ մենք հետ ենք կանչում մեր պատգամավորներին։ Դա աննախադեպ տեքստ է, երբ որ բիզնեսն ասում է՝ «մեր կողմից ներկայացված պատգամավոր», էդ բացում է մինչև 2018 թվականը եղած Հայաստանի համակարգի կամ դեմքի վրա փռած էդ սիրուն շորը, որ թղթերով ամեն ինչ կարգին է։

Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը օրերս դիմել էր գլխավոր դատախազին և Աժ նախագահին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով: Կուսակցության ներկայացուցիչները համարում են, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Ծառուկյանի և ԲՀԿ խմբակցության ակտիվ մասնակցությամբ խախտվել են Սահմանադրությունը և այլ օրենքներ:

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ԲՀԿ առաջնորդի դեմ հաղորդմանը:

Հակադարձելով այս պնդումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG