Մատչելիության հղումներ

Կիսաեզրափակիչն՝ առանց Սալահի և Ֆիրմինյոյի


«Բարսելոնա» - «Լիվերպուլ» առաջին կիսաեզրափակիչը, Բարսելոնա, 1-ը մայիսի, 2019թ.
«Բարսելոնա» - «Լիվերպուլ» առաջին կիսաեզրափակիչը, Բարսելոնա, 1-ը մայիսի, 2019թ.

Այսօր ուշ երեկոյան մեկնարկող հանդիպման արդյունքում հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը: «Լիվերպուլ»-ն ընդունում է «Բարսելոնա»-ին: Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի համոզիչ հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Մարզական վերլուծաբանների համոզմամբ, գրեթե վստահ կարելի է պնդել, որ «Բարսելոնա»-ն կանցնի եզրափակիչ, քանի որ դժվար թե Լա Լիգայի չեմպիոնությունն արդեն ապահոված ու փայլուն մարզավիճակում գտնվող «Բարսելոնա»-ն Լիվերպուլում խոշոր հաշվով պարտվի, թեպետ սոսկ տեսականորեն դա, իհարկե, հնարավոր է:

Անգլիական թիմի վիճակն է՛լ ավելի ծանր է վնասվածքների պատճառով: Եթե «Բարսելոնա»-ի գերաստղը հանճարեղ արգենտինացի Մեսսին է, «Լիվերպուլ»-ի հարձակման գծի առաջատարը եգիպտացի հարձակվող Մո (Մոհամեդ) Սալահն է: Նա անցած շաբաթ օրը «Նյուքասլ»-ի հետ խաղում գլխի վնասվածք է ստացել և պատգարակով դուրս է բերվել դաշտից: Վնասվածք է ստացել նաև բրազիլացի հարձակվող Ֆիրմինյոն: «Լիվերպուլ»-ի մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ երկուսն էլ չեն կարող խաղալ:

Գերմանացի մասնագետը նշել է, որ Սալահի մոտ ուղեղի ցնցում են արձանագրել, նա շատ է ուզում խաղալ, բայց դա պարզապես բացառվում է մարզիկի առողջությունը չվտանգելու համար, բժիշկներն արգելում են Սալահի մասնակցությունը խաղին:

«Լիվերպուլ»-ի մարզիչն ասել է, որ բոլորը գիտակցում են, թե ինչ բարդ կացություն է, բայց թիմը ցանկանում է լավ խաղ ցույց տալ և հաղթել: Դա կլինի մոտեցումը «Բարսա»-ի հետ խաղում:

«Լիվերպուլ»-ի պաշտպան Տրենտ Ալեքզանդեր-Առնոլդն էլ է նշել, որ չափազանց դժվար կլինի խաղն ավարտել եզրափակիչ դուրս գալու արդյունքով, բայց թիմը սեփական հարկի տակ միշտ փորձում է լավագույն խաղը ցույց տալ: Երկրպագուներն անվերապահորեն աջակցում են ակումբին:

«Մենք իրատես ենք, բայց միևնույն է ուզում ենք հավատալ մեր ուժերին, հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է հատկապես մեր դաշտում՝ «Անֆիլդ»-ում, և, հուսամ, կկարողանանք մի հատուկ երեկո պարգևել երկրպագուներին», - ասել պաշտպանը:

Վաղն «Այաքս»-ն է խաղալու Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հետ: Առաջին հանդիպումն ավարտվել է հոլանդացիների հաղթանակով՝ 1-0 հաշվով:

«Տոտենհեմ»-ի թիվ մեկ հարձակվող Հարի Քեյնն էլ վնասվածքի պատճառով չի խաղալու:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափկիչ հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդի Estadio Metropolitano մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG