Մատչելիության հղումներ

Գործարարները էլի սկսում են քաղաքականությամբ զբաղվել հեղափոխության առաջնորդների թողտվությամբ. Մարուքյան


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համոզմամբ, գործարարները նորից սկսում են քաղաքականությամբ զբաղվել հեղափոխության առաջնորդների թողտվությամբ։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Մարուքյանն ընդգծեց՝ թեև այստեղ շահերի բախում կա, բայց իրավական տեսակետից հիմա դրա լուծումն ինքը չի տեսնում։

«Երկրում եղել է հեղափոխություն, հեղափոխությունից հետո հայտարարվել է, որ բիզնեսն այլևս չպետք է քաղաքականությամբ զբաղվի։ Էդ հայտարարությունը բոլորի կողմից ողջունվել է, և հետո հիասթափություն է առաջացել, երբ որ մարդիկ տեսել են, որ գործարարները էլի սկսում են քաղաքականության մեջ մասնակցել և, ըստ էության, դա արվում է հեղափոխության առաջնորդների թողտվությամբ։ Հիմա էդ ամեն ինչը եղել, ավարտվել ա, գնացքը գնացել ա, հիմա գնացքի հետևից, ինչ-որ կայարանից, մեկը ճվում ա, ասում ա՝ «գնացքը ո՞ւր ա»։ Գնացքը գնացել ա, ո՞ւր ա։ Հիմա այստեղ հետ գալ, նորից էդ հարցը քննարկել, ես կարծում եմ, որ փակուղի է տանելու, որովհետև իրավական տեսանկյունից, եթե կստեղծվի նման էթիկայի հանձնաժողով, բնականաբար, մեզանից մարդ կլինի, մենք այնտեղ կլինենք, կտեսնենք, բայց իրավական տեսակետից հիմա դրա լուծումը, մեծ հաշվով, չեմ տեսնում», - ասաց Մարուքյանը։

Դիտարկմանը, թե փաստը, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում ելույթ ունեցավ և պաշտպանեց «ԱրարատՑեմենտ» գործարանի շահերը, որն իր սեփականությունն է, նշանակո՞ւմ է, որ ակնհայտ օրենքի խախտում է եղել, Մարուքյանն այսպես արձագանքեց. - «Այո՛, ես էլ դրանից հետո ելույթ ունեցա, ասացի, որ շահերի բախում կա այստեղ, բայց դրա հետ կապված պատասխանատվությունը և բեռը դրված է Ազգային ժողովի ղեկավարության վրա»։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված գրությամբ կոչ է արել նրան հրապարակային պարզաբանումներ ներկայացնել քննադատության վերաբերյալ, թե Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

ԱԺ նախագահը նաև հայտնել է, որ խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, բացի այդ՝ իրեն առաջարկել են այս հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր հերթին պահանջել է քրեական հետապնդում իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, եթե քննությամբ պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Ծառուկյանի դեմ «Քաղաքացու որոշման» հաղորդմանը:

Նշենք, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին ԲՀԿ խմբակցությունը և անձամբ Գագիկ Ծառուկյանը ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում: Այդ ակտիվությունը մեկնաբանվեց որպես սեփական բիզնեսի՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շահերի պաշտպանություն: Մինչդեռ Սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է զբաղվել բիզնեսով:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG