Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը


ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, «Ազատությանը» փոխանցեց խմբակցության պատգամավոր, Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Մեզ համար «Քաղաքացու որոշում» կուսակցության նախաձեռնությունը, որով որ այս գործընթացը ամբողջը նախաձեռնվել է, բացարձակ հիմնազուրկ է, մասնավորապես այն կտրվածքով, որ Գագիկ Ծառուկյանը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, և այդ կուսակցությունը, որի անվանումը հանրության ամենատարբեր շրջանակներին հայտնի է եղել բացառապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված այս գործընթացը նախաձեռնելու շրջանակներում և մինչ այդ նրանց գոյության մասին թերևս ոչ ոք տեղյակ չի եղել, մեզ համար հիմնազուրկ է այս հարցապնդումը և, բնականաբար, այդ հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու նպատակահարմարությունը մենք չենք տեսնում և որևէ տրամաբանություն այդ գործընթացում չենք նկատում», - նշեց Իվետա Տոնոյանը։

«Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցությունը երեկ դիմել էր Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ խնդրելով պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։ Արտախորհրդարանական ուժը կարծում է՝ ցեմենտի վրա տուրք սահմանելու խորհրդարանական քննարկումների ժամանակ «ԱրարատՑեմենտ»-ի սեփականատեր Ծառուկյանի հայտարարությունները ապացուցում են՝ նա զբաղվել և զբաղվում է ձեռնարկատիրությամբ, ինչը Սահմանադրության խախտում է:

«Որպեսզի բոլորը շահագրգռված լինեն մասնակցելու այդ պրոցեսին, և առաջին հերթին՝ ԲՀԿ-ն, բոլոր երեքին էլ ուղարկեցինք առաջարկությունը։ Ընդ որում՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առաջարկեցինք՝ եթե չեն ուզում էդ գործընթացով անցնել, կարող է միանգամից մանդատը վայր դնել, որպեսզի էթիկայի հանձնաժողով չստեղծվի, չերկարի պրոցեսը։ Ես կուզեի, որ դա ոչ միայն Գագիկ Ծառուկյանը մեկնաբանի, այլ կուզեի, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանի, և մենք հասկանանք՝ ի վերջո ինչ է նշանակում 95-րդ հոդվածի մեջ նշված, որ պատգամավորը չպետք է ձեռնարկատիրությամբ զբաղվի», - ասաց կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Արձագանքելով Ծառուկյանի բիզնես գործունեությունը կտրականապես հերքող ԲՀԿ-ից հնչող հայտարարություններին, թե հենց «Քաղաքացու որոշում»-ն էլ պետք է ապացուցի իր պնդումը, կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն ասաց՝ իրենց դիմումի հետ միասին կցել են նաև երկու տեսանյութ, որոնք էլ առաջացրել են «ողջամիտ կասկածներ»։

«Համացանցում շարունակվում են տարածվել տեսանյութեր, որոնք էլի մատնանշում են դրանց վրա։ Եթե մարդիկ չեն զլանա, ովքեր հետաքրքրված կլինեն, կարող են նայել «Կենտրոն» հեռուստաընկերության բոլոր լուրերի թողարկումները, որտեղ ամեն լուրերի թողարկմանը մի բացահայտում արվում է, որ Գագիկ Ծառուկյանը գնաց էս արեց, Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց էս անել՝ ձեռնարկատիրական գործունեության մասին է խոսքը։ Շատ նյութեր կան, որ ապացուցում են, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է», - ընդգծեց Սահակյանը։

Իշխանական խմբակցությունից, ի տարբերություն ԲՀԿ-ի, չեն բացառում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունը։ «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, սակայն, ասում է՝ գնդակը երկու ընդդիմադիր խմբակցությունների դաշտում է։

«Նույն «Բարգավաճ»-ը կարող է նախաձեռնել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու հարցը։ Ես կարծում եմ, որ շատ ավելի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և ֆրակցիայի շահերից է՝ իրենց անունը բիզնեսի հետ կապելու վերաբերյալ այդ կասկածները ցրելու, իրենց երեսը պարզելու համար իրենք նաև նախաձեռնեն, կամ եթե ֆրակցիայի ղեկավարը կներկայացնի այնպիսի փաստարկներ, որոնցով կփարատվեն բոլոր կասկածները, սա կլինի մեր գործընթացի տրամաբանական ավարտը։ Գուցե բանը չհասնի էթիկայի հանձնաժողովի ձևավորման», - նշեց Տիգրանյանը։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ից փոխանցում են՝ դեռ ծանոթ չեն ՔՈ-ի դիմումին, կարձագանքեն ավելի ուշ։ Ցեմենտի տուրքի քննարկումներից հետո, սակայն, «Լուսավոր Հայաստան»-ի անդամները խնդրահարույց էին համարել ԲՀԿ-ականների և Ծառուկյանի ելույթները՝ հայտարարելով, որ մի ամբողջ խմբակցություն լծվել էր մի անձի բիզնես շահերի պաշտպանությանը։

Երեկ էլ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարին կոչ էր արել հրապարակային պարզաբանումներ ներկայացնել չմարող քննադատության շուրջ, որ խախտելով Սահմանադրությունը` նա զբաղվում է ձեռնարկատիրությամբ։ Միրզոյանը Ծառուկյանին հորդորել է այսուհետ ավելի ուշադիր հետևել պատգամավորի շահերի բախման կարգավորումներին։

«Քաղաքացու որոշում»-ը նաև գլխավոր դատախազից ակնկալիք ուներ՝ քննություն անցկացնել ու քրեական հետապնդում իրականացնել Ծառուկյանի նկատմամբ, եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գլխավոր դատախազությունը դիմումը չի մերժել, ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու: Եթե իրավապահներն ու դատարանը կիսեն «Քաղաքացու որոշում» կուսակցության կարծիքը, ԲՀԿ առաջնորդը կարող է զրկվել մանդատից։ Եթե պաշտոնյան ձեռնարկատիրությամբ է զբաղվել, Քրեական օրենսգիրքը նաև այլ պատիժներ է նախատեսում՝ տուգանք, կալանք, անգամ՝ ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG