Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ Հայաստանի քաղաքացի Ս.Ք.-ից պահանջել և ստացել է խոշար չափի կաշառք, այս մասին հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայքէջը։
«2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ քաղաքացի Ս.Ք.-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10՝ հետաքննության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բազմաբնակարան շենքի շինարարության թույլտվություն տալու համար Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը տարիներ առաջ իրենից պահանջել և ստացել է 40 հազար դոլար գումար, որից հետո Երևանի քաղաքապետի կողմից Ս.Ք.-ին պատկանող ընկերությանը տրվել է շինարարության թույլտվություն», - ասված է ՊԵԿ հայտարարության մեջ:
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 311-րդ (կաշառք ստանալ) հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով այսօր հարուցվել է քրեական գործ: