Մատչելիության հղումներ

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել չարաշահումներ կատարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ըստ կոմիտեի, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, 2010-ի նոյեմբերից մինչև 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ տնօրենն աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող պաշտոնական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, և ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած հիշյալ անձանց:

Բացի այդ, ինչպես կոմիտեն է նշում, 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս են գրվել, այլև որպես սոցփաթեթի շահառու պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ. պետության օրինական շահերին այդկերպ պատճառվել է գույքային վնաս:

«Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ տնօրենը աշխատակցուհիների անվամբ ՊՈԱԿ-ի բյուջեից որպես երեխայի խնամքի հետծննդյան և նախածննդյան արձակուրդի գումարներ է դուրս գրել և յուրացրել: Այնուհետև տնօրենը աշխատակցուհու՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, պետական բյուջեից աշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխային տրվող գումար դուրս գրելու նպատակով վերջինիս անվամբ կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատելու վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոտայքի մարզպետարանի սոցիալական աջակցության Չարենցավանի տարածքային գործակալություն, ինչի հիման վրա աշխատակիցը հաշվառվել է որպես նպաստառու», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ կոմիտեի, ՊՈԱԿ-ի տնօրենը, որոշ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում ստորագրել և կնքել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի հաշվարկման հիմնք հանդիսացող տաբելները, ինչի հիման վրա՝ որպես աշխատավարձ հաշվարկվել ու ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս են գրվել գումարներ, որոնք յուրացվել են նրա կողմից:

Նախնական քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմել է 2 միլիոն 994 հազար 276 դրամ գումար, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի [Յուրացնելը կամ վատնելը] 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի [Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը] 1-ին մասով և 314-րդ հոդվածի [Պաշտոնեական կեղծիքը] 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG