Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ադրբեջանը ավարտում են համատեղ զորավարժությունները


Զորավարժություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանն ու Թուրքիան համակարգում են ռազմական ստորաբաժանումների համատեղ գործողություններն ու գործակցությունը, բարձրացնում երկու երկրների զինուժի մարտունակությունը: Բաքվի մերձակայքում մոտ հազար զինծառայողների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական եռօրյա զորավարժություններն այսօր ավարտվում են:

«Մուստաֆա Քեմալ Աթաթուրք - 2019» անունը կրող զորավարժություններում ներգրավված են շուրջ վեց տասնյակ միավոր ռազմական տեխնիկա, երեք տասնյակ միավոր հակատանկային, հրետանային տեխնիկա, շուրջ քսան ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, երկու երկրների հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ։ Թուրքական կողմի վարժանքների ղեկավար Մուրադ Դիրիքի խոսքով՝ թուրքական բանակից մասնակցում է նաև 85 զինվորականներից կազմված մոտոհրաձգային ջոկատը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ համատեղ այս զորավարժությունների ֆոնին պաշտոնական Բաքուն նշում է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ համագործակցության 25-ամյակը: 1994 թվականի մայիսի 4-ին էր, երբ Լեռնային Ղարաբաղի հետ այդ օրերին դեռևս պատերազմող Բաքուն պաշտոնապես միացավ ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հայտարարել է, թե Բաքուն մտադիր է ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, և այդ ուղղությունը ադրբեջանական զինված ուժերի առաջնահերթություններից է: 29 անդամ պետություն ընդգրկող Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի գնահատմամբ՝ թույլ է տալիս արդյունավետ բարեփոխումներ իրականացրել ադրբեջանական զինված ուժերում:

«Մենք գիտակցում ենք, որ գլոբալացման դարաշրջանում ցանկացած հակամարտություն կամ առճակատում անխուսափելիորեն ազդում է այլ երկրների վրա: Հանուն Եվրատլանտյան տարածքում խաղաղության և անվտանգության՝ Ադրբեջանը կշարունակի գործընկերությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ», - ասվում է պաշտպանության նախարարի տարածած հայտարարությունում: Զաքիր Հասանովը նաև ընդգծել է․ - «Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում ՆԱՏՕ-ի վճռական դիրքորոշումն արժանի է գովասանքի»:

Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող Ադրբեջանի հետ համագործակցությունը, իր հերթին, բարձր է գնահատում Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը՝ ակնկալելով երկկողմ ռազմական համագործակցության խորացում: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի օդուժի գլխավոր մարշալ Սթյուարթ Փիչը՝ նրա ուղերձը հրապարակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքէջում: «Այսօր մենք [Ադրբեջանի հետ] համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում՝ էներգետիկ անվտանգության ապահովումից մինչև պաշտպանություն և անվտանգություն: Մենք ձգտում ենք շարունակել ձեզ հետ [Ադրբեջանի հետ] համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք ընտրել եք», - ընդգծել է կառույցի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG