Մատչելիության հղումներ

Մշակույթի փոխնախարար․ Ամբերդում սեփականաշնորհված տարածքի հարցով կզբաղվի դատախազությունը


Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյան

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտին փոխվել է 2013 թվականին, նույն թվականին էլ արդեն պահպանման գոտուց դուրս մնացած տարածքը սեփականաշնորհվել է այն ժամանակ  պատմամշակութային արգելոցի տնօրեն Սիրակ Մանուկյանի կողմից:

Անցյալ տարվանից Մանուկյանն այլևս տնօրեն չէ, բայց ուշագրավ է, որ նրա հայրը՝ Մանուկ Մանուկյանը, մինչև այժմ Պատմամշակութային հուշարձանների պահպանության Արագածոտնի մարզային կառույցի ղեկավարն է և սեփականաշնորհումը թույլատրող հանձնաժողովի անդամ:

Այսօր հրավիրած ասուլիսին Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ընդգծեց․ - «Քանի որ հուշարձանի տարածքում, հատկապես Ամբերդի տարածքում եղել են բնակավայրեր, թաղումներ, հնագիտական շերտերը պահպանելու համար իր տարածքից բացի, անհրաժեշտ է նաև միջավայր, որպեսզի այդ կառույցը լավ նայվի: Հենց այդ պատճառով պահպանական գոտում իրականացվող կամայական նախագծային կամ շինարարական աշխատանքները պիտի նախապես համաձայնեցված լինեին Մշակույթի նախարարության հետ: Սակայն 2013 թվականին, ինչ պատճառներով՝ դեռ հայտնի չէ, այդ տարածքը հանվել է պահպանական գոտուց»:

Եվ ահա անցյալ ամիս այդ տարածքում սեփականատերը սկսել է շինարարություն, որը շատերի վրդովմունք է հարուցել, և արձագանքելով վերջին օրերին տեղ գտած մի շարք ահազանգերի՝ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն այցելել է Ամբերդ և անձամբ տեսել, որ շինաշխատանքների հետևանքնով այդ տարածքում որոշակի վնասվածքներ տեղ են գտել և հարկ է դադարեցնել շինարարական աշխատանքները:

«Մշակույթի նախարարության հնագետ Հարություն Վանյանի հետ այցելեցինք Ամբերդ: Ես հնագետ չեմ, բայց պարտադիր չէր հնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ այդտեղ շերտերի առկայություն կա, ակնհայտ էր: Այսինքն՝ անհրաժեշտություն կա, որպեսզի հնագետը ներս մտնի, այդ հողը ուսումնասիրի և տա եզրակացություն: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք կառուցապատողի հետ, որ ժամանակավորապես դադարեցնի, մինչև հնագետը կկատարի ուսումնասիրությունը», - փոխանեց Գալստյանը:

Ասուլիսին նա ներկայացրեց նաև դեռ 1986 թվականին չափագրված հուշարձանի պահպանման գոտու նախագիծը, որտեղ, բնականաբար, որևէ տարածք չէր կարող սեփականաշնորհված լինել:

«Ազատության» հարցին, թե ինչպես է սեփականաշնորհվել տարածքը, Գալստյանն արձագանքեց․ - «Դա դատախազության հարցն է: Մենք գրություն ենք ուղարկել դատախազություն, որպեսզի հետաքննությունը իրենք կատարեն: Նշեմ նաև, որ կառուցապատողը այդ տարածքի մինչև 2018 թվականը աշխատում էր «Ամբերդ» պատմամշակութային արգելոց-թանգարանի ղեկավար, ով հանդիսանում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պահպանման ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի մարզային ծառայողի որդին: Հայրը՝ Մանուկ Մանուկյանը մարզային ծառայության ղեկավարն է, որդին մինչև 18 թվականը հանդիսանում էր Ամբերդի արգելոցի ղեկավարը: Նշեմ, որ մարզային հանձնաժողովում է Մանուկ Մանուկյանը, և ըստ էության հենց այդ հանձնաժողովն է տալիս հողի նշանակություն փոխելիս, թե արդյոք այնտեղ կան շերտեր: Կարծում եմ, դատախազությունը այստեղ նույնպես անելիք ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG